Հային հիմար կարծողը՝ երկու աչքով էլ կուր է.
Ուրիշ միջոց, ուրիշ հնար եկ աշխատենք գըտնելու,
Այդ բաներով չէ՛ երբեք մեզնից հայը խաբվելու»։
Այս լըսելով դևերեն մինը՝ Մըրուս անունով,
Որ դըպիրն էր ատենին, տեղեն ելավ անխըռով.
Աչքը դարձուց իր չորս դին սովակատաղ վագրի պես,
Դըժոխաշունչ բերանեն անեծք թափեց լիապես,
Նորա լայնդիր ճակատը գահ էր յոթից հանցանաց,
Սոսկավիթխար հասակը ահարկու էր և դիվաց։
Սա այն չարկամն էր ազգիս, որ Արամա օրերեն
Խըղճուկ հայը օր չունի նորա անողորմ ձեռեն.
Սա այն ծնունդն էր անիծից, որ նոր պեսպես դիմակավ
Հիմն ի վեր կործանելու շուտ-շուտ Հայաստան եկավ.
Մե՛րթ Վասակ էր անունը, մե՛րթ Պապ էր, մե՛րթ Մերուժան,
Մե՛րթ Հազկերտ էր կրակամոլ, մերթ մոլեգին Չարմաղան։
Դրախտանմանն Հայաստան ըսպանդ դարձուց սոսկալի
Ու անհովիվ հոտի պես թողուց հայոց ցավալի,
Որք արգավանդ դաշտերում կարոտ էին չոր հացին,
Աղբերառատ այն երկրում ծարավատանջ մընացին,
Արտասուքով ցողեցին կանաչազարդ ձորերը,
Անմեղ արյան հեղեղով ողողեցին փոսերը։
Հայի բնությանը տեղյակ՝ նա գուժկանի խոսքերեն
Չայլայլեցավ այլոց պես, միայն ելավ իր տեղեն,
Խոսքը դարձուց դևերուն, մըխիթարեց, ըսփոփեց,
Փոքրիկ մի ճառ կարդալով խոսքը այսպես ավարտեց.
«Մի՛ք երկնչիլ, բարեկամը, քանի որ կամ ձեր միջին,
Շատ մահացու վերքերով կըխոցոտենք մենք հային»։
Պըրծավ այսոց ատյանը։ Ամենեքին միամիտ
Դարձան իրանց գործերուն ու խորհըրդին չարամիտ։
Իսկ Մըրուսը անհապաղ ու հապճեպով մըտավ կառք,
Տարտարոսի խավարեն իսկույն ելավ լույս֊աշխարհք.
Ծիծաղելով աչքերը դարձուց դեպի Արարատ,
Ասաց, «աստ իմ մանգաղին ըսպասում է հունձ առատ»։