Երեք ժիր մշակ իշխանի արտում,
Հասուն հասկերից դեզ էին բարդում...
Մեկ քոսոտ շուն էլ, բան ու գործ թողած,
Անցորդների վրա հաչում էր կատղած:
Իշխանը եկավ, արտերը դիտեց
Ու մըշակներին առատ վարձատրեց։
Անասելի էր խեղճ շան զարմանքը,
Երբ անվարձ տեսավ իր աշխատանքը.
«Այսուհետ, ասաց, չարժե աշխատել,
Երբ մարդիկ չգիտեն գործ գընահատել»։
Տերն ասաց. «Ի՞նչ գործ գործել ես դու, Շո՛ւն»։
Շունն ասաց. «Բաս ողջ օրն ո՞վ էր հաչում»։
Հե՜ք գըրչա՛կ ես քեզ լավ եմ ճանաչում,
Դու մեծ եռանդով ու շատ ես... հաչում.
Բայց բյուրապատիկ էլ ավել հաչես,
Դարձյալ պիտանի ազգին մըշակ չես։