Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈԽԱԿ ԵՎ ՕՁ



Նվեր Գրիգոր Արծրունուն



Մի օր, շուն, գայլ, էշ, հետերն էլ աղվես
Իրար հանդիպած՝ գընացին պարտեզ,
Ուր մեկ ստվերախիտ վարդի թըփի տակ
Նըստած՝ երգում էր սիրակեզ սոխակ։

Մեկմեկու աչքի ըսկսան նայել
Ու քըմծիծաղով սոխակին ասել.
«Սոխակ, մի՞թե դու դեռ չես նըկատում,
Որ օձը քեզի սաստիկ է ատում,

Անդադար վըրադ բարդում է սուտեր
Ու հըռչակիդ վրա ձըգում է նա ստվեր.
Փառքիդ տակ նա շուտ կը փորե ական՝
Այժըմ օձն էլ է սուլում բավական»։

-Մի՞թե հանցավոր եմ, ասաց սոխակ,
Որ օձի տաղին ունին ախորժակ
Շուներ, աղվեսներ, գայլեր, իշակներ
Եվ դոցա նըման թըշվառ էակներ...

Ու հըպարտությամբ երեսը դարձուց,
Դայլայլիկներով պարտեզը լըցուց։