Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ թափառելով՝ սար ու ձորերում.
Այդ օրվա որսի էրե էր պտրում։
Եվ մի թավ թըփի ետևը պահված՝
Մարիամի վըրա նայում էր զմայլած.
Բայց երբ աղջիկը իշխանին տեսավ,
Վախից, ամոթից խիստ շառագնեցավ.
Ժողովեց շտապով զգեստն ու զարդերը,
Թողեց ձորի մեջ ուլերն, այծերը,
Հապճեպով դեպի դարբասը գընաց,
Բայց մուճակներեն մին այնտեղ մնաց.
Եվ այդ մուճակը այնպես նազուք էր,
Որ նորա նըման ոչ ոք տեսած չէր.
Իշխանը կռացավ ոլ գետնեն առավ,
Ու համբուրելով հետը տուն տարավ։
Եվ այդ իսկ օրից սիրահարվեցավ,
Սևամաղձ կոչված չար ցավը ստացավ.
Թե՛ յուր արթնության և թե՛ երազո՛ւմ
Միշտ այդ հովվուհու պատկերն էր տեսնում
Եվ գիշեր ցորեկ նորա ականջին
Ձայներ էր լսվում աղջըկա երգին։
Հազար մունետիկ չորս-կողմ ցրվեցան,
Ամեն ծակուծուկ շատ քրքրեցան,
Բայց դատարկ ձեռքով դարձան մարդիկը
Ավաղ, լույս չեկավ սիրուն աղջիկը։
Երբ այս հնարներն զուր, ունայն կորան,
Իշխանը տվեց այսպիսի հրաման,
Թե ո՛ր կին մուճակն այս իր ոտին հագնի,
Իսկույն իշխանի կինը կըլինի։
Կանայք աղջըկունք շատ ուրախացան,
Ամենքը մեծ-մեծ հուսով լըցվեցան,
(Ո՞ր կին չի կարծում իրեն արժանի
Կինը լինելու հըզոր իշխանի).
Ամեն կողմերեն շտապով վազեցին,
Ոտները մուճակ խըրել փորձեցին.
Բայց ավա՜ղ, ավա՜ղ, ոչ թե ոտները,
Մուճակ չի մտան նաև մատնեքը,
Տուն վերադարձան ամենքը ցաված,
Ասելով` «մուճակն շատ վատ է ձևած»: