Բայց սևամաղձը մատաղ իշխանին
Արագ մոտեցնում էր գերեզմանին,
Եվ բացի հրաշքեն՝ ո՛չ ճար, ո՛չ հընար
Կար աշխարհքիս մեջ այդ խեղճի համար։
Հանկարծ ծառաներն եկան պատմեցին,
Թե մեկ հովվուհի ունի դըրացին,
Որ դեռ մուճակը ուտին չափած չէ,
Ու չափելու էլ սաստիկ կամաչե։
Իշխանն հրամայեց. հովվուհին եկավ
Ու իսկույն մուճակն իր ոտին հագավ։
Պալատականքը զարմացած մնացին,
Ու կըծու ծաղրով շնորհավորեցին,
Բայց երբ իշխանի ծնողքը իմացան
Այդ բոլոր անցքը՝ սաստիկ բարկացան,
Եվ լսել անգամ չէին կամենում,
Որ հարս տուն բերեն կեղտոտ հովվուհուն։
Մարիամի հոգին խիստ վըրդովեցավ.
Ազնիվ արյունը մեջը խոսեցավ,
Իշխանի ծնողքին ասաց նա հեզիկ.
«Չըգիտնաք դուք ինձ հասարակ աղջիկդ
Այծեր արածել իմ արվեստը չէր,
Ինչպես կարծում եք, ծննդես ի վեր.
Միայն կույր բախտը այնպես կամեցավ,
Եվ դշխո Մարիամ հովվուհի դարձավ.
Զգեստս փոխելու թե տաք ժամանակ,
Իմ ով լինելը դուք շուտ կիմանաք»։
Պալատականքը լիրբ ու բարձրաձայն
Դարձյալ Մարիամի վրա ծիծաղեցան։
Բայց Մարիամը գնաց հեռավոր սենյակ
Ու մնաց այնտեղ մի կարճ ժամանակ։
Եվ երբ այնտեղից նա վերադարձավ,
Բոլոր ժողովուրդն սաստիկ զարմացավ,
Կեղտոտ հովվուհին էլ չիկար այնտեղ,
Բազմականների առջև նորա տեղ
Կանգնած էր չքնաղ դեմքով մի աղջիկ,
Վրայի հալավը ճոխ ու գեղեցիկ,
Ոտից մինչ գլուխ ոսկի ու գոհար
Ցոլում ու փայլում էին վառ ու վառ։