«Մինչև իմ հայրը բանտեն չազատի,
Ու նորից փառքով գահը չի նստի,
Եվ հոգով մարմնով չի առողջանա,
Հարսանիքիս օրըն ներկա չլինի նա,
Թեկուզ իրարով գան երկինք գետին,
Բնավ լինելու չեմ ես քո կին»:
Տեղից վեր թռավ քաջ իշխանորդին,
Բազմաթիվ զորքեր ժողովեց չորսդին,
Զենք ու զըրահով սպառազինեցավ,
Դավաճանների վրա սլացավ,
Նենգությամբ տիրած աշխարհքեն փախցուց,
Ու հարսի հորը գահը նստեցուց։
Թեև խելագար էր խեղճ ծերունին,
Բայց չէր տակավին անցել մեկ տարին,
Մարիամը այնքան ջանաց, աշխատեց,
Որ այդ ցավեն էլ հորը ազատեց։
Էլ ոչինչ խափան չիկար պայմանին,
Քաջ իշխանորդու ու հեզ Մարիամին.
Հարսանիքն եղավ ճոխ ու մեծածախ,
Բոլոր հյուրերը էին շատ ուրախ,
Ջութակ ածեցին, փողեր փըչեցին,
Զանգերը քառասուն օր հընչեցուցին։
Եվ իմ հեքիաթը ահա վերջացավ.
Երկնքեն երկու խնձոև վար ընկավ,
Մեկը լըսողին,
Մեկը պատմողին,
Չոփն էլ հեքիաթիս ականջ չի դնողին։