որ հենց այդ գիշեր կարող էր գցել նրա վրա հյուսիսային քամին։ Երկինքը թանձր էր ու խավար, այնտեղից անընդհատ տեղում էին անձրևի մանր կաթիլներ… Քիչ հեռվում նշմարվող երկու չորացած ու սոված ծառերը և նրանց մոտի՝ կողքի վրա ընկած նավակը լրացնում, ընդգծում էին բնության այդ տխուր տեսարանը։
Հատակը կոտրված, շուռ եկած նավակ և սառը քամուց կողոպտված, խղճուկ ու ծերացած ծառեր… Շուրջն ամեն ինչ ավերված ու անապատ է դարձած, իսկ երկինքը շարունակում է սգալ, արտասվել։ Մռայլ է և դատարկ ամեն ինչ։ Կարծես ամեն բան իմ շուրջը սկսել է մեռնել․ շուտով միմիայն ես պետք է մնամ կենդանի, իսկ հետո ինձ էլ սպասում է նույն սառը մահը…
Այդ ժամանակ ես 17 տարեկան էի— երանելի ժամանակ…
Ես երկար թափառում էի սառն ու խոնավ ավազների վրայով, ատամներիս կրճտոցով շատ երգեր հյուսեցի սովի ու ցրտի պատվին, և հանկարծ փոքրիկ խանութներից մեկի ետևը տեսա մի փոքրիկ, կծկված ու գետնին կպած կանացի մարմին։ Անձրևից թրջված շորերը կպել էին նրա կռացած ուսերին։ Ես մոտեցա նրան ու սկսեցի դիտել։ Նա ձեռքով վարում էր թաց ավազը և ուզում էր, ըստ երևույթին, անցք բանալ դեպի խանութի ներսը…
— Այդ ինչի՞ համար ես փորում,— հարցրի ես, նստելով կողքին։
Նա մի ճիչ արձակեց և վեր թռավ։ Այժմ, երբ նա, դիմացս կանգնած, վախեցած նայում էր ինձ իր լայն բացած կապույտ աչքերով, ես տեսա, որ դա իմ հասակակից մի աղջիկ է, վերին աստիճանի գրավիչ դեմքով, որը, դժբախտաբար, զարդարված էր երեք հատ մեծ կապույտ բծերով։ Այդ մի փոքր փչացնում էր տպավորությունը, թեև կապտածները շատ կանոնավոր էին դասավորված՝ մի-մի հատ հավասար չափի աչքերի տակը և մի հատ ճակատի մեջտեղը։ Երևում էր, որ խփողի ձեռքը կատարելագործված էր մարդկային դեմքեր փչացնելու արհեստում։
Աղջիկը նայում էր ինձ, և նրա աչքերում փայլող երկյուղը հետզհետե մարում, անհայտանամ էր… Ահա նա ավազոտ ձեռքերը թափ տվեց, ուղղեց գլխի չիթ աղլուխը, կծկվեց ու ասաց.
— Ինչպես տեսնում եմ, դու էլ ես սոված… դե, մի փորիր տեսնենք… Իմ ձեռքերը հոգնել են։ Այնտեղ,— նա գլխի շարժումով ցույց տվեց խանութը,— անպատճառ հաց կլինի, գուցե և երշիկ։ Այս խանութում դեռ առևտուր կա…
Ես սկսեցի փորել․ իսկ նա մի քիչ կանգնեց, նայեց ինձ, հետո նստեց իմ կողքին և սկսեց օգնել…