Jump to content

Էջ:Shahumyan Gorky transl.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Մենք լուռ աշխատում էինք։

Ես չեմ կարող հիմա հաստատ ասել, հիշո՞ւմ էի արդյոք այդ ժա­մանակ քրեական օրենքների հաստափոր ժողովածուն, բարոյագիտու­թյուն, սեփականության իրավունք և այլ այսպիսի բաներ… որոնք, ինչ­պես ասում են իմաստուն մարդիկ, երբեք չպետք է մոռանալ կյանքում, ոչ մի դիպվածում… Որպեսզի կարելույն չափ մոտ լինեմ ճշմարտությանը, խոստովանում եմ ես, կարծեմ, այնքան տարվել էի փորելով, որ ամեն բան մոռացել էի, բացի… այն բանից, ինչ որ կարող էի գտնել խանու­թում։

Արդեն մթնում էր։ Թաց ու ցուրտ խավարը հետզհետե թանձրանում էր իմ շուրջը։ Ալիքների աղմուկը հետզհետե խլանում էր, իսկ անձրևը ավելի ու ավելի ուժգին ծեծում էր նավակի տախտակները… Հեռվից լսվում էր գիշերապահի ճչանակի տխուր ու մելամաղձոտ ձայնը…

— Հատակը տախտակած չի՞ լինի արդյոք,— կամաց հարցրեց ինձ իմ օգնականը։ Ես չհասկացա ինչի մասին է հարցնում և լռեցի։

— Գուցե տախտակած է… Այդ ժամանակ մեր չարչարանքը իզուր կլինի, հողը կփորենք, կհասնենք տախտակներին, հետո՞… Ավելի լավ է կողպեքը կոտրենք… Թույլ կողպեք է երևում…

Լավ մտքերը շատ սակավ են ծագում կնոջ գլխում, բայց և այնպես… ծագում են, ինչպես տեսնում եք։ Ես միշտ գնահատել եմ լավ մտքերը և աշխատել եմ կարելույն չափ օգտվել նրանցից։

Կողպեքը գտա, քաշեցի և դուրս պոկեցի իր օղակների հետ միա­սին… Ընկերուհիս իսկույն օձի պես գալարվեց ու ներս սողաց խանութ՝ բացված քառանկյունի անցքով։

— Կեցցե՛ս, տղա,— բացականչեց նա ներսից։

Կնոջ մի փոքրիկ գովասանքը ինձ համար ավելին արժե, քան տղա­մարդու երկար գովաբանությունը, կուզեք լինի այդ տղամարդը նույնիսկ ավելի պերճախոս, քան բոլոր հին ու նոր հռետորները միասին վերց­րած։ Բայց այն ժամանակ տրամադրությունս այսքան լավ չէր. և ես, առանց ուշադրություն դարձնելու ընկերուհուս սիրախոսության վրա, կարճ ու վախեցած հարցրի՝

— Բան կա՞…

Նա միապաղաղ ձայնով սկսեց թվել իր գյուտերը.

— Մի զամբյուղ… շշերով, դատարկ տոպրակներ… մի հովանոց… մի երկաթե դույլ…

Դրանցից ոչ մեկը չէր կարելի ուտել։

Ես զգում էի, որ հույսերս չքանում են։