Jump to content

Էջ:Shahumyan Gorky transl.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Պաշկովն ո՞վ է։

— Իմ սիրեկանը… մի հացավաճառ։

— Հաճա՞խ է նա քեզ ծեծում…

— Շատ… ամեն անգամ, երբ հարբում է։— Եվ հանկարծ նա ավելի մոտեցավ ինձ ու սկսեց Պաշկայի, իր և իրենց հարաբերությունների մասին երկար պատմության անել։ Ինքը «փողոցն ընկած աղջկերանցից է, ովքեր… և այլն», իսկ նա մի շեկ բեղերով, լավ հարմոն նվագող երիտասարդ է։ Նա հաճախ այցելելիս է եղել «հասարակաց տուն» և իր ուրախ բնավորությամբ ու գեղեցիկ շորերով, իր ճտքածալքով սապոգներով ու 15 ռուբլիանոց վերարկուով գրավել է Նատաշայի սիրտը։ Այդ ժամանակվանից Պաշկան սկսել է մշտապես «ձրի օգտվել»։ Իսկ երբ դարձավ Նատաշայի «պարտքատերը», սկսեց զբաղվել նրանով, որ աղջ­կանից խլում էր այն փողերը, որոնք նա ստանում էր ուրիշ հյուրերից քաղցրավենիքի համար և հարբելով այդ փողերով՝ սկսում էր ծեծել նրան— այդ դեռ ոչինչ— Նատաշայի աչքի առաջ սկսեց ուրիշ աղջիկ­ների հետ քարշ գալ։

— Դե, դու ասա, սրտիս չէ՞ր դիպչի այդ… Ուրիշներից ես ինչո՞վ եմ պակաս… Նշանակում է ես նրա համար խաղալիք էի, ծաղրի առարկա… ստոր արարած։ Անցյալ օրն իրավունք վերցրի տիրուհուց, որ գնամ զբոս­նելու․ եկա նրա մոտ, տեսնեմ Դունկան հարբած նստել է նրա սենյա­կում։ Նա էլ, իհարկե, հարբած էր։ Ասում եմ՝ «ա՜յ ստոր արարած, ստոր, խաբեբա…»։ Նա վրա ընկավ ու սկսեց ինձ ծեծել, ի՜նչ մազերից քարշ տալ հատակի վրա, ի՜նչ ոտքերի տակ գցել, ջարդել… մի սաղ տեղ չթո­ղեց… Եվ այդ դեռ էլի ոչինչ, շորերս ամբողջովին պատառոտեց… Ահա, նայիր սրանց։ Հիմա ես ո՞ր քարովը տամ գլուխս, ինչպե՞ս երևամ տի­րուհուն։ Բոլորը պատառոտեց, շորերս էլ, թիկնոցս էլ… բոլորովին նոր էր թիկնոցս, հինգ ռուբլի էի տվել… գլխակապս էլ պոկեց… Ախ, աստ­ված, հիմա ես ի՞նչ անեմ,— վայ տվեց նա հանկարծ վշտացած ու խեղդ­վող ձայնով։

Վայ էր տալիս նաև հետզհետե սաստկացող քամին… Ատամներս նորից սկսեցին պար գալ։ Նա էլ էր կուչ եկել ցրտից և արդեն այնքան էր մոտեցել ինձ, որ ես կարողանում էի մթության մեջ տեսնել նրա փայլող աչքերը։

— Ինչ գարշելիներն եք դուք՝ բոլոր տղամարդիկդ։ Ոտքերիս տակը կգցեի ձեզ բոլորիդ… Ձեզանից որ մեկդ առաջիս սատկելիս լիներ, երեսին կթքեի, չէի խղճա… կեղտոտ խոզեր… վնգստում եք, վնգստում, պոչներդ շարժում շան նման, և հենց որ ինձ պես մի անխելքը ձեռքներդ