Jump to content

Էջ:Shahumyan Gorky transl.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու աշնան, տաքի ու ցրտի, արևի ու անձրևի անվերջ փոփոխություննե­րից նեղացած ու հոգնած՝ ծերուկ երկրագնդի երկար ու ծանր հառաչն էր… Քամին էլ իր շառաչյունով տխուր, հուսահատ երգեր էր հորինում ու տարածում գետի ալիքների և նրա սև ու անբնակ ափերի վրա…

Մեր տեղը, նավակի տակը, զուրկ էր հարմարություններից․ նեղ­վածք էր ու խոնավ․ կոտրված հատակից մեզ դիպչում էին անձրևի ցուրտ կաթիլները․ քամին անտանելի էր։ Մենք լուռ նստել, դողում էինք։ Հոգ­նածությունից աչքերս փակվում էին։ Նատաշան մեջքը դեմ էր տվել նա­վակի կողքին և կուչ եկել, մի փոքրիկ գունդ էր դարձել։ Ծնկները ձեռ­քերով գրկած ու կզակը հենած նրանց վրա, նա անթարթ նայում էր գետի կողմը, և նրա մեծ ու լայն բացած աչքերը ավելի ևս մեծ էին երևում իրենց տակի կապտածների շնորհիվ։ Նա բոլորովին չէր շարժվում, և այդ անշարժությունն ու լռությունը, զգում էի, կամաց-կամաց ինչ-որ ահ էր գցում սրտիս մեջ. ես վախենում էի իմ հարևանուհուց… Ուզում էի խոսել նրա հետ, բայց չգիտեի ինչպես սկսել։

Նա ինքը խոսեց։

— Ախ, անիծյալ կյանք…— պարզ ու որոշ արտասանեց նա։

Սակայն դա գանգատ չէր բախտից։ Նրա ձայնի մեջ այնքան ան­տարբերություն կար, որ չէր կարելի ասածը գանգատի տեղ ընդունել։ Երևում էր, որ մարդն ուղղակի մտածել է կյանքի մասին և եկել է մի որոշ եզրակացության, որ և հայտնում է այժմ, և որին ես չէի կարող պա­տասխանել առանց կեղծելու, առանց հակասելու ինձ։ Ես լուռ էի, իսկ նա կարծես չէր էլ նկատում ինձ, առաջվա պես անշարժ նստած էր։

— Մարդ չի էլ սատկում, պրծնի…— նորից խոսեց Նատաշան. այս անգամ կամաց և մտազբաղ։ Եվ դարձյալ գանգատի ոչ մի նշույլ։ Դարձ­յալ երևում էր, որ մարդը մտածել է կյանքի մասին, նայել է իր վրա և հանգիստ հոգով եկել է այն եզրակացության, որ իր անձը կյանքի ծաղրից ու կատակներից ազատելու համար մի բան միայն կարող է անել՝ «սատկել»…

Մտքի այդպիսի հստակությունը սիրտս լցրեց անասելի ցավով ու զզվանքով, և ես զգում էի, որ, եթե շարունակեմ լռել, լաց պետք է լի­նեմ… Իսկ դա ամոթ կլիներ մի կնոջ առջև, մանավանդ որ նա ինքն ահա լաց չէր լինում։ Ես վճռեցի խոսել։

— Այդ ո՞վ է քեզ ծեծել,— հարցրի ես, որովհետև չկարողացա ուրիշ, ավելի մարդավարի խոսք գտնել։

— Պաշկան, ուրիշ ո՞վ պիտի լինի,— պարզ ու հանգիստ պատաս­խանեց նա։