մեջ են թաղվել ու պլոզվել, այն առաջվա կարմիր թշերը նարնջի պես դեղնել են, այն առողջ մարմինը հալվել է, փորը մեջքին է կպել, վիզը բարակել է։ Չէ՛, չէ՛, Սեյրանը չարաչար սխալվում է, Սուսանը նրան սիրում է և սերն է, որ խեղճ աղջկան այդքան փսխել է։ Բայց ի՞նչ սեր է այդ, որ չի կարողանում հաղթել ուրիշ մնացյալ զգացմունքներին,— ծնողական սիրուն. ինչո՞ւ Սուսանը այնքան կամքի ուժ չունի, որ ոտնակոխ անելով հասարակական կարծիքը, արհամարհելով ավանդական նախապաշարմունքները, ընկնի յուր սիրեկանի գիրկը և վայելի այն երջանիկ օրերը, որ շատ քիչ մահկանացուներին է վիճակված այս անցավոր աշխարհում ։ «Փախչե՞լ, փախցնե՞լ, հըմ ի՞նչ եմ ասում, ի՞նչ եմ դուրս տալիս, փախցնե՞լ։ Մի հարցնող լինի, ո՞ւր կարող եմ ես նրան փախցել և ինչպե՞ս։ Ոչ փող ունիմ, ոչ էլ մի արհեստ գիտեմ, որ կարողանամ պահել, թե՛ նրան և թե՛ ինձ։ Ինչ անխելքություն, ինչո՞ւ ես արհեստ չսովորեցի, որ այսօրվա օրը ինձ հարկավոր է գալիս։ Էհ, դրա մասին այժմ ուշ է մտածել»։ Այո, ուշ է, ո՞ւր գնա այժմ Սեյրանը, տեր աստված, ի՛նչ անի, ո՞ւմը գանգատվի։ Միթե՞ գնա հոր առաջ չոքի, մեղա գա, աղաչի, պաղատի, որ նա մի կերպ Բարխուդարի հետ հաշտվի։ Հը՛ը, ի՞նչ կլսի Հայրապետը յուր որդու խոսքը։ Ասենք թե, նրան խղճալով, լսեց էլ, միթե՞ խեղճ մարդը կարող է այսուհետև մի բան անել։ «Առանց ինձ էլ, նա երեք ամիս է, որ ամեն կերպ աշխատում էր հաշտվելու։ Բայց ի՞նչ արավ։ Բարխուդա՜րը։ Օօօ, Բարխուդարը գազան է, նրան մոտենալ չի կարելի, թեկուզ աշխարհը տակնուվրա լինի — նա յուր թքածը լիզող մարդ չի։ Բանի պարիսպը չկար, Սեյրանը հույս ուներ, իսկ այժմ շինվեց այն և մինչև հավիտյան կմնա նրա ու Բարխուդարի մեջ, ինչպես մի անհաղթելի խոչընդոտ բարեկամության։ Ի՞նչ, ի՞նչ ասաց, Բարխուդարը յուր ասածի մարդ է, թքածը լիզոզը չի՞, հաստատ կամք ունի՞։ Չէ, հապա ութ-ինը տարի սրանից աոաջ նրա տված խոսքը։ Այդ է մի՞թե նրա հաստատակամությունը, այդպե՞ս է կատարում նա յուր տված խոստումը։ Պարծենկոտ մարդ, ինչո՞ւ մոռացար քո խոսքը, այդ միթե՞ անազնվություն չէ»։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/103
Արտաքին տեսք