Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրաստել նրա համար։ Հետո մարդուն ստեղծելով, ասել է նրանց․ «Ադամ ու. Եվա, էս ամենը, որ տեսնում եք, ծով ու ցամաք, կենդանիներ ու թռչուններ, բոլորը-բոլորը ձերն է։ Դուք եք նրանց տերն ու թագավորը, հրամայեցեք ու նրանք ձեզ կհնազանդվեն»։ Եթե էդպես է, եթե կույսի ասածը ճշմարիտ է, ինչու աստված մի բան խնայել է մարդուց, ինչու նա չի ասել «մարդ, քո սիրտն էլ քոնն է, նրան էլ կարող ես հրամայել ու նա էլ քեզ կհնազանդվի»։ Ահ, եթե աստված այդ էլ ասեր, մարդը այսօրվա պես այսքան չէր տանջվիլ ու այսքան մեղքեր չէր գործիր Ասում են թե խելոք մարդիկ իրանց սրտի ձայնը չեն լսում, ամեն բան խելքով են անում. երանի այդպիսիներին։ Սուսանի խելքն ասում է. «ախչի, օրես դենը Սեյրանին չպիտի սիրես, որովհետև քո հոր նամուսն այդպես է ուզում». խելքն ասում է, բայց սիրտը հակառակում է։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ։

Չկարողանալով իր հարցին պատասխանել, Սուսանը մի ձեռում ափսեն, մյուս ձեռում սրբիչը, ձգեց յուր հայացքը օջախի կրակի վրա, որ չրթչրթալով շարունակում էր այրվել։ Մոտ մի րոպե նա այդ դրության մեջ անթարթ աչքերով նայում էր կրակին։ Հետո, նա կրծքի վրա թափված թանձր մաղերը հետ ձգելով, շարունակեց սրբել ափսեները։

— Չէ՛, չէ, ինչքան որ միտք եմ անում, էլի իմ ասածն է դուրս գալիս։ Վերցնենք հենց հորս, նա հո հիմար չի, նա հո յուր ասածի վրա հաստատ մնացող մարդ է, բայց տեսնում եմ, նա էլ ինչ որ անում է, էլի խելքով չի անում, սրտով է անում։ Ասում է թե «նամուսիս համար եմ կտրել իմ բարեկամությունը Հայրապետանց հետ»։ Մի հարցնող լինի, ի՞նչ ասել է նամուս։ Իմ կարճ խելքովս ես հասկանում եմ, որ նամուսը մարդուս սիրտն է։ Չէէ՞։ Հա՛, հայրս ասում է «սիրտս մղկտում է, երբ լսում եմ, թե քաղաքում ինձ վրա բաներ են խոսում»։ Սիրտս, սիրտս, սիրտս, ամենքն էլ իրանց սրտի վրա են գցում իրանց ցավերի պատճառը։ Հայրս ասում է. «ես իմանում եմ, որ ինչ որ աղջկաս վրա խոսում են, սուտ է, բայց էլի ամոթից կարմրում եմ, երբ որ լսում եմ»։ Ինչո՞ւ է կարմրում, եթե չի հավատում։ — Որովհետև սրտին դուր չի գալիս։ Այո, հայրս էլ, նրա պես