Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդն էլ չի կարողանում իրա սրտին տիրանալ և այսօր ինքն էլ է տանջվում ու մեզ էլ է տանջում։ Չէ՛, ամեն թան մարդու սրտիցն է կախված։ Մեղա քեզ աստված, մեղա քեզ աստված, մեզ շատ իրավունքներ ես տվել, բայց մեր սրտի իրավունքը ձեռումդ ես պահում։ Լավ, թո՛ղ քո կամքը լինի։ Ես գիտեմ, որ ինչքան էլ ուզենամ Սեյրանին մոռանալ, չեմ կարող։ Մի անգամ որ նա մտել է սիրտս, մեկ էլ այնտե՛ղից դուրս կգա հոգուս հետ։

Սուսանը կուռը բարձրացրեց և արխալուղի թևով սրբեց արցունքը։

— Ինչ ուզում ես արա, աստված, քո կամքը սուրբ է, բայց մի բան եմ խնդրում, խնայիր ինձ, և իմ ծնողներիս և այս խնդիրս կատարիր։ Դու ինձ այնքան ուժ տուր, որ կարողանամ ապրել մինչև այն ժամանակ, որ ինձ պսակեն Ռուսաամի կամ մի ուրիշի հետ, հետո մի քանի ամիս էլ ապրեմ, որ իմ ծնողներիս և իմ անունից ջնջեմ իզուր տեղը կպած կեղտը։ Այնուհետև ես ինքս հոժար կամքովս իմ հոգին քեզ կտամ, ինչու որ ես առանց Սեյրանի ապրողը չեմ։ Սեյրանիս համար էլ խնդրում եմ, աստված, որ նրա սրտից ինձ դուրս բերես ու խեղճ տղին չփչացնես։

Սուսանը բարձրացավ տեղից, ափսեները մաքրեց, չորացրեց և հավաքելով միատեղ, դուրս եկավ խոհանոցից։ Դեռ սենյակի դռներին չհասած, նրա ականջին հասավ ծնողների խոսակցության ձայնը։

Երկար ժամանակ էր, որ Բարխուդարը չէր խոսում Գյուլնազի հետ։ Սուսանը շատ զարմացավ, լսելով նրա խոսակցությունը և խիստ հետաքրքրվեց իմանալու, թե ինչի մասին են խոսում, չկամենալով միևնույն ժամանակ խանգարել ծնողներին։

Նա ափսեները դրավ մի կողմ, իսկ ինքը թաքնվելով բաց դռներից մեկի հետևում, սկսեց ուշադրությամբ լսել։

— Տասն անգամ ասել եմ, հիմա վերջին անգամն եմ ասում, ա՛յ կնիկ, որ ես արածս քեզանից լավ եմ հասկանում,— ասում էր Բարխուդարը ծանր և ամեն մի բառն առանձին շեշտելով։ — Իմ խելքը քամին չի տարել, որ աչքերս բաց-բաց ինքս ինձ ավելի խայտառակեմ։ Ի՞նչ կասեն