Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասաց Հայրապետը, կրկին չիբուխը գոտուց դուրս հանելով։

— Դու էլ ցավիս վրա ցավ մի ավելացնի, աստված սիրես։

— Ձայնդ կտրի՛ր, մոլթանու աղջիկ։ Լեզուդ կծած պահիր, թե չէ ամենի աջըղը քեզանից կառնեմ,— բարկացավ կրկին Հայրապետը, այս անգամ մոտենալով Մարիամ բաջուն և չիբուխը բարձրացնելով նրա գլխին։

— Ա՛ռ, ա՛ռ, ի՞նչ ուզում ես արա, էլ օրես դեն ինձ համար սև ու սպիտակ մին է։ Չէ, սիրտս էրվի, խորովի, մի անեծք էլ չանե՞մ սաբաբի համար, հաա՞։

— Սաբաբը դու ինքդ ես։

— Սաբաբը քյոփակ Բարխուդարն է։ Թո՛ղ, թող աղջկանը տանի տա հայասըզ Սանամի լակոտ Ռուստամին։ Ինչո՞ւ չի տալ, հարուստ, սովդաքար... հը՛մ, հըմ... յարադան աստված, դու հախը նահախին տվողը չես։ Շատ չի բաշիլ, ես կտեսնեմ Բարխուդարին փոշմանած, գլխին թակելիս։

— Շատ ես լեզվիդ զոռ տալիսէ հա՛, փիեե՛,— գոչեց Հայրապետը, դարձյալ կանգնելով յուր ամուսնու դեմուդեմ։

Մարիամ բաջին երեսը շուռ տվավ նրանից։

— ՉԷ, տեսնում եմ, որ գարիդ շատ է ընկել, բաս, որ էդպես է, ա՛ռ, աղբեր, դա — քեզ, նա — ինձ, հա, ջանըմ, դա — քեզ, նա — ինձ։

Այս ասելով Հայրապետը վերցրեց յուր գլխից գւխարկը և Մարիամ բաջու գլխից — շալը։ Գդակը դրավ ուժով Մարիամ բաջու գլխին, իսկ շալը ձգեց յուր գլխին։

— Հիմա, համեցեք, ես մեղա աստուծո, դու մարդություն արա՛, օրես դեն, ես կնիկություն կանեմ։

— Յարաբ, աստված, էս մարդուն մի ծտի խելք էիր տվել, էդ էլ ինչո՞ւ խլեցիր,— ասաց Մարիամ բաջին, գդակը գլխից մի կողմը շպրտելով և յուր շալը Հայրապետի գլխից քաշելով։

Գդակն ընկավ անկողնու վրա։ Սեյրանը զարթնեց։

Նա վերմակը հետ քաշեց և գլուխը բարձրացրեց։ Հայրապետը մոտեցաց, որ գդակը վերցնի անկողնու վրայից։ Մի վայրկյան հոր ու որդու հայացքները հանդիպեցին իրարու։