Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրապետն արագությամբ երեսը շուռ տվավ, որ որդու երեսը չտեսնի։ Սեյրանի դեմքը արտահայտում էր հոգեկան տարօրինակ տանջանք։ Արդյոք, ո՞րն էր այս վայրկյանին վշտացյալ պատանու մեջ զորեղ — խղճի խայթոցը ծերունի ծնողներին պատճառած ցավերի մասին, թե սեփական տանջանքը։

— Ջուր,— արտասանեց Սեյրանը թույլ ձայնով։

Մարիամ բաջին շտապեց բավականացնել նրան։ Սեյրանը նկատեց, թե ինչպես հայրը իրանից երեսը շուռ տվավ զզվանքով, նրա երեսը շառագունվեց։

— Առ, խմի՛ր,— ասաց Մարիամ բաջին, ջրով լի բաժակը մոտեցնելով որդու բերնին։

— Ո՞րտեղդ է ցավում,— հարցրեց, երբ Սեյրանը բաժակը ագահությամբ դատարկելով հետ դարձրեց։

— Գլուխս,— պատասխանեց Սեյրանը և, կրկին վերմակը գլխին քաշելով, պառկեց։

— Մի քիչ նստիր, խոսիր, որ քեֆդ բացվի, բալաս, հերիք է քնածդ,— շարունակեց Մարիամ բաջին, խնամքով ծածկելով յուր որդու ոտները վերմակի ծայրով։

— Նստել չեմ կարող, գլուխս ցավում է։

— Երեսդ դես պարանիր ու խոսիր։

— Չեմ ուզում, չեմ ուզում, երես ունիս, թող,— գոչեց Սեյրանը, գլուխն ավելի խորը թաղելով վերմակի տակ։

— Չեմ ուզում, հըմ, երես ունիս, որ ուզես, ամոթից պիտի խեղդվես, ոչ թե խոսես,— մեջ մտավ Հայրապետը, որ այդ ժամանակ երեսը մյուս կողմ դարձրած չիբուխ էր լցնում։— Ադա, ամաչո՞ւմ ես իսկի,— շարունակեց նա, մոտենալով Սեյրանի անկողնին,— ամաչում ե՞ս, թե՞ երեսիդ մեռոնը թափվել է ու սլկված կաշին է մնացել, հը՞մ․․․

— Օղորմի քո հորը, ա՛յ մարդ, օղորմի օխտը պորտիդ, սո՛ւս արա, սո՛ւս արա, թող տեսնենք գլուխներիս ի՛նչ օյին է գալիս,— աղերսեց Մարիամ բաջին։

— Այ քյոփօղլի աղջիկ, չե՞ս թողնելու, փիե՜ փիե՜, ի՞նչ ես գլխիս չաքուճ դառել, խեղդվեցի հո,— գոռաց Հայրապետը Մարիամ բաջու վրա։— Ասա՛, ասա՛, անառակ