Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ նամակով որդին հայտնում էր մորը, թո հերիք է ինչքան ինքն ազապ մնաց, հիմա տանտերվել է հարկավոր, «չունքի, փառք աստուծո, գործերս Լավ են դնում» և այլն։ Հետո նա խնդրում էր մորը, որ շուտով մի լավ աղջիկ գտնի Շամախում և գտնելուց հետո, իսկույն գրի իրան, որ գա պսակվելու։

Ռուստամը հարսնացվի ընտրության բոլոր իրավունքները տալիս էր մորը։

Սանամը հենց մի այդպիսի պատվերի էր սպասում։ Նա նամակը ստացած օրը, իսկույն, առանց ուշացնելու, «զարանգիզի» (հարսնախոս) Շըպպանիկին կանչեց և պատվիրեց, որ մի «լավ, գյոզալ, խելոք, բան անող, կարդացած, հայալու» աղջիկ ճարի Ռուստամի համար։ Երկար մտածեց, երկար խորհրդակցեց Շըպպանիկի հետ։ Քաղաքի բոլոր աղջկերանց անունները տվեց նա մի առ մի, բոլորին քննեց, քննադատեց։ Մեկը գեղեցիկ էր, բայց շնորհ չուներ, մյուսը խելոք էր, բան անող, կարդացած, բայց տգեղ էր, երրորդը ամեն կողմից լավ էր, հարմար էր — դեռ պստիկ էր, չորրորդի քիթն էր ծուռ, հինգերորդի մազերն էին կարճ, ծնոտը «լախ» և այլն և այլն։ Մի խոսքով, քաղաքում էլ աղջիկ չմնաց, որ Սանամը չի տնտղեր։ Մի ամբողջ ամիս այս հարցով նա տանջեց յուր գլուխը, մինչև որ, վերջապես, երկար աշխատությունից հետո, վիճակն ընկավ Բարխուդարի աղջիկ Սուսանի վրա։

— Ի՛նչ աղջիկ է, ի՛նչ աղջիկ է, ի՛նչ բոյ ունի, ի՛նչ աչքեր ունի,— ասում էր Սանամը մի օր Շըպպանիկին Սուսանի մասին։ Բարխուդարի կինը, Գյուլնազն էլ, մարալի պես գյոզալ է։ Աղջիկն էլ մորն է եկել, ամա խելոքությունով, ես իմանում եմ, մորից տասնապատիկ խելոք է, չունքի, դե, կույսի ուսումնարանում է կարդացել։ Զատկին ես ժամումը բռնեցի, որ մի քիչ խոսացնեմ, խեղճն ամաչելուց կարմրեց, հռշնեց, լեզուն կտրվեց, չկարողացավ խոսել։ «Աֆարիմ աղջիկ», ասացի մտքումս։ Շըպպանիկ, ջահթ արա բանը գլուխ բերելու, հետո ես եմ իմանում, թե քո պարտքից ինչպես դուրս կգամ։

Շըպպանիկը հենց այսպիսի բաներ ճրագով էր փնտրում։