Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխին, որ նրա հետնան ալ բանը քյութահ անամ։ Դյու, հինչպես ասացի, Սանամ խանըմ, մին կտոր գիր գրիր, ան ստանի թելով խըրկիր տղիդ, որ ալբա ալ յըղի ընկնի։ Մնաս բարով։

Շըպպանիկը շալը ձգեց գլխին և դուրս եկավ։

Սանամը մուրաբաները տարավ մյուս սենյակը, հետո եկավ թախտի վրա նստեց և մտածողության մեջ ընկավ։

IV

Այդ օրից ուղիղ հինգ շաբաթ էր անցել։ Աշնանային մի ուշ երեկո էր։ Հոկտեմբերի հորդառատ անձրևներից կիսախարխուլ Շամախու լայն, բայց կեղտոտ փողոցներում գոյացել էին անտանելի ցեխ և բազմաթիվ մանր ճահիճներ։ Եղանակը բավական ցուրտ էր։ Թանձր մառախուղը, հասնելով մինչև երկրի մակերևույթը, քաղաքը պատել էր անթափանցելի խավարով։ Ամեն ինչ խաղաղ էր, բնակիչները արդեն վաղուց քնած էին։ Փողոցներում տիրում էր լռություն, որ ընդհատվում էր գիշերային պահապանների քնաթաթախ ձայներով։ Այդ ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող գինետներից մեկում հավաքված էր երիտասարդական մի խումբ։ Սրանք, թվով մինչև ութ հոգի, մի կիսամաշ և կեղտոտ սեղանի շուրջը նստած «քեֆ էին անում», այսինքն արաղ ու գինի էին խմում և խորոված ուտում։ Տիրում էր մի այնպիսի խառնաշփոթ և խլացուցիչ աղմուկ, որ, կարծես, այստեղ մի ահագին բազմություն կար։ Մեկը, բուխարու գդակը բերանին պահած, երգում էր ինչ-որ պարսկական երգ։ Մյուսը երկու ձեռներով խփում էր սեղանին և բերանով շվացնում, իբրև թե երգեցողի հետ ներդաշնակություն պահելով։ Երրորդը կարմրած դեմքով, վառված աչքերով, գինով լի բաժակը ձեռին, ոտքի կանգնած, գոռում էր ինչքան ձայնում ուժ կար, ինչ-որ «կենաց» առաջարկելով։ Մի ուրիշը տաքացած վիճաբանում էր յուր մոտը նստած ընկերոջ հետ այնպիսի ձայնով, որ, կարծես, խոսակիցը կես վերստ հեռու լիներ։

Այս բոլոր խառնաշփոթ, անճոռնի և այլանդակ ձայները