Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միանալով ծխախոտի և խորովածի թանձր ծխով և ըմպելիքների շոգով տոգորված խոնավ մթնոլորտի մեջ, անախորժ ազդեցություն էին անում մարդու վրա։ Իսկ միջահասակ, հաստափոր, աչքերը ճարպ կոխած գինեվաճառը մի առանձին զորություն էր տալիս այդ աղմուկին։ Կեղտոտ գոգնոցը փորին կապած, նա գինետան մի անկյունում խորովածի շամփուրները պտտեցնում էր ճզվըզող կրակի վրա և հաստ ու խռպոտ ձայնով անդադար գոռում․«փահ, փա՛հ, ի՛նչ քյաբաբ ա, քեֆ արեք, մեռնեմ ձեզ պես ջահի՛լների դամաղին, հափ-հափ, ադա, հուռռա՜»։ Եվ գինեվաճառի զորեղ ձայնը, սրընթաց անցնելով գինետան կամարաձև առաստաղի տակով, ճնշում էր մյուս ձայները։

Այս ընդհանուր խառնաշփոթությանը չէր մասնակցում միայն մի երիտասարդ։ Նա արմունկները սեղանի մի անկյունին հենած, գլուխը ձեռների ափերի մեջ դրած, անշարժ նստած էր։ Գինետունը լուսավորվում էր առաստաղից քարշ արած մի կանթեղով, որ ծածկված էր հարյուրավոր ճանճերով։ Կանթեղի դեղնագույն լույսը, հազիվ թափանցելով թանձր մթնոլորտը, երիտասարդի կռների արանքով ընկել էր նրա նիհար և դեղնած դեմքի վրա։ Նա աչքերը սեղանին հառած՝ ինչ-որ մտածողության մեջ էր։ Ընկերների աղմուկը, կարծես, նրա ականջներին չէր հասնում։

— Ադա, Ենգիբար, մի բաժակ գինի թափիր էդ նամարդի գլխին, ինչու է մռափըմ, էս գիշեր մեր քեֆը նա հարամ արավ,— գոռաց բեղերը ոլորած մի երիտասարդ, դառնալով դեպի մի ուրիշը։

— Բացվի՛ր, ադա, Սեյրան, բացվիր բահարվա վարդի պես, իսկի ֆիքր մի՛ անիլ, հորես նրանք կգան, մի քիչ կոնծիր, որ սիրտդ պնդանա, — ասելով դարձավ Ենգիբարը Սեյրանին և, բռնելով նրա գլխի մազերից, գլուխը վեր բարձրացրեց։

— Մի բաժակ գինի, մեծը, մեծը ածեցե՛ք, տվե՛ք Սեյրանին, ես, ինչպես թամադա, հրամայում եմ,— շարունակեց սրած բեղերով երիտասարդը, ինքն ևս ջուր բաժակը նորից լցնելով։

Քանի մի վայրկյանում Սեյրանի առջև շարվեցին