Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փայտ։ Նա գլխին դրած էր ձմերուկաձև, կարմրագույն մորթյա գդակ, որի ծայրը հասնում էր նրա փոքրիկ և խորամանկ աչքերին։

— Շուտ արեցե՛ք, ադա՛,— ներս մտավ թե չէ գոչեց երիտասարդը շնչասպառ ձայնով։

— Դուրս եկա՞ն,— հարցրին գրեթե միաբերան բոլոր հանդիսականները։

— Հա՛, հա՛, փետներդ վերցրեք,— պատասխանեց երիտասարդը, ձեռի փայտը անհամբերությամբ զարկելով գինետան հատակին։

Մի րոպե տիրեց լռություն։ Ամենքը տարակուսությամբ նայում էին իրարու երեսին։

Սեյրանն արագությամբ վեր թռավ տեղից և, շուռ ու մուռ գալով, սրան ու նրան դիպչելով, դիմեց դեպի դռները։ Լրաբեր երիտասարդը վազեց դռների առաջ, ձեռները աք ու ձախ տարածեց և, կուրծքը դուրս ցցելով, կտրեց նրա ճանապարհը։

— Կանգնի՛ր։

— Հեռո՛ւ,— բացականչեց Սեյրանը, երկու ձեռներով հրելով երիտասարդի կրծքին։

— Մի՛ վռազիր։

— Բաց թո՛ղ։

— Համբերիր, միասին դուրս կգանք,— հակառակեց լրաբերը, յուր ուժեղ ձեռներով պահելով գինու զորությունից թուլացած Սեյրանին։

Սեյրանը շուռ եկավ և մի հայացք ձգեց յուր ընկերակիցների վրա։ Ոչ ոք չէր շարժվում յուր տեղից։ Լրաբերը կրկին փայտով զարկեց հատակին և գոռաց։

— Շուտ արեք դե, թե չէ տուն կհասնեն, հետո էլ բանը բանից անց կկենա։

Անցան մի քանի լուռ վայրկյաններ ևս։ Վերջապես, թամադի դեր կատարող երիտասարդը բարձրացավ տեղից, վազեց գինետան մի անկյունը, վերցրեց մի երկայն փայտ և փափախը սեղմեց գլխին։ Հետո նա կանգնեց գինետան մեջտեղում և հանդիսավոր եղանակով արտասանեց հետևյալ խոսքերը.