Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տղերք, դուք — ձեր նամուսը, ղոչաղ պահեցեք ձեզ, սրտներդ գայլի նման։ Վայ էն նամարդի գլխին, որը երես շուռ կտա նրանցից. ասում եմ, փախչողի թափան-թիրիքը կթափեմ... տեսնում ե՛ք, դրանով հաա՛։

Այս ասելով, նա չուխայի փեշը հետ ծալեց, մեջքը շուռ տվավ երիտասարդներին և ցույց տվավ գոտիից քարշ արած դաշույնը։

— Դեհ, վերցրեք փետներդ, հայդա, — ավարտեց նա յուր խոսքը և գոռալով դուրս վազեց։

Բարձրացավ մի խառնաշփոթ աղմուկ։ Ամենքը մի-մի փայտ խլեցին։ Մի քանի րոպեում խումբը, շուռ ու մուռ գալով, իրարու դիպչելով, դուրս թափվեց։ Գինետունը դատարկվեց։

Սեյրանն ամենից առաջ էր դուրս եկել։

V

Մառախուղն ավելի թանձրացել էր։ Փողոցների անկյուններում ցցված լապտերների լույսը, հազիվ թափանցելով գիշերային խավարը, սփռվել էր ցեխոտ ճահիճների վրա և փայլեցնում էր նրանց կեղտոտ մակերևույթը։

Քաղաքի կենտրոնում գտնվող «հին ժամ» անվանված եկեղեցուց քիչ հեռու, փողոցի ծայրում երևցավ մի զորեղ լույս, լսվեցին զուռնայի և նազարայի (թմբուկ) խլացուցիչ ձայներ։ Այս լույսի և երաժշտության հետ միասին դիմում էր առաջ կանանց, տղամարդկանց և մանուկների մի բավական մեծ խումբ։ Ժամանակ-ժամանակ զուռնայի ձայնը խլանում էր բարձրաձայն կրկնվող ուրախ բացականչումներով, շփոցներով և ծափահարությունով։ Խումբն ընթանում էր առաջ ծանր և հանդիսավոր քայլերով։

Սուսանի հարսանիքի հանդեսն էր։ Նորահարսը ոտից ցգլուխ փաթաթված էր մետաքսյա խայտաճամուկ չարջովի մեջ։ Նրա երեսն ամբողջապես ծածկված էր թանձր քողով, տեղական սովորության համեմատ։ Մոտ քսան ու հինգ տարեկան մի միջահասակ երիտասարդ գալիս էր նրա ձախ կողմով։ նա հագնված էր ո՛չ եվրոպական և ոչ ասիական եղանակով