Մի քանի կողմնակի հանգամանքներ ևս քիչ չնպաստեցին Շըպպանիկին։ Բանն այն է, որ այդ ժամանակները Շամախի եկել էր մի օտարաքաղաքացի երիտասարդ վաճառական։ Հայտնի չէր ինչպես, Շըպպանիկի գլուխը մտել էր, որ իբր այդ երիտասարդը եկել է «Շամախու գյոզալներան մինին ղափմիշ» անելու, այսինքն պսակվելու նպատակով և փնտրում է մի գեղեցիկ ու խելոք աղջիկ։ Շըպպանիկը մի օր ձեռները հինայով ներկեց, մազերը կարգին սանրեց, երեսը Ղազանի սապոնով լվացավ, սնդուկից դուրս բերեց նոր շալը, ձգեց գլխին ու, հա՛յդա երիտասարդի մոտ։
Նա ծանոթացավ վերջինի հետ, մի քանի բաժակ թեյ խմեց նրա մոտ, զննեց, քննեց, հարց ու փորձ արավ նրան, թե ո՛վ է, ինչ տեղացի է, ինչ գործի է, որքան կարողություն ունի և այլն։ Բանից երևեցավ, որ երիտասարդը գանձակեցի է, պարապում է մետաքսի առևտուրով և բավական կարողություն ունի։ Թե նա Շամախի է եկել առևտրական գործերով և ոչ թե պսակվելու, թե ինքն արդեն պսակված է և երբեք մտադրություն չի ունեցել երկրորդ կին ունենալու, «չունքի աոաջին կնիկը կռիվ կանի, համ էլ, դեհ, հայ քրիստոնյայի օրենքով մի մարդ երկու կնիկ չի կարող պահել» և այլն, և այլն։
Տեղեկանալով այս բոլոր մանրամասնություններին, Շըպպանիկը քիթը քաշ, «քյոռ ու փոշման» դուրս եկավ երիտասարդի մոտից, բայց առ ժամանակ վճռեց ոչ մի մարդու չհայտնել, թե ինքը սխալված է եղել։ Նա նպատակ ուներ։ Անմիջապես Շըպպանիկը վազեց Սանամի գլխին և սուտ-սուտ, շունչը փորը գցելով, հաղորդեց նրան։— «Ա կնիկ, հանց աս սահաթին ան գենջեցի տղի մոտան ամ գամ։ Փող, դովլաթ, սելի պես։ Ինքն ալ մի գյոզալ ա, մին գյոզալ ա մի բոյ բուսաթ ունի, քիիի, որ դյու ալ, պառավ տեղովդ, տեսնես քեֆդ կգա, կսիրահարվես։ Ինձի թափշուր արավ, որ մին լավ աղջիկ ճարեմ նրա համար։ Հիթսուն դանա ջրնգալի նիկոլայներ խոստացավ ինձ։ Ես նրա մոտ Գյուլնազի աղջկան թարիֆ արի, խեղճ մարդու բերանը բաց մնաց, ասեց․ «հենց նա ինքն ա իմ ուզած աղջիկը»։ Հիմի, ա կնիկ, ալ ինձ խոսացնել