Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ պարզ ասած, նրա իրանն ասիացի էր, իսկ ոտներն ու գլուխը եվրոպացի։ Մոխրագույն ատլասյա նորակար արխալուղ, ոսկյա բարակ գոտի, նուրբ սևագույն մահուդից կարած վենգերկա, մեծ ֆուրաշկա, նեղ անդրավարտիկ և ճռճռան կոշիկներ.— այս էր նրա հագուստը։ Նրա լայն թիկունքից, բարձր և բավական դուրս ցցված կրծքից հաստոսկոր երեսից, սուր այտերից, ամուր բազուկներից երևում էր ֆիզիկական ուժ և առողջություն։ Իսկ արեգակի տաքությունից նրա այրված թուխ դեմքը, հաստ և քիչ տափակ քիթը, խորը խորշերի մեջ թաքնված մեխակագույն բոլորակ աչքերը և խոշոր սև ունքերը մի քիշ անախորժ և օտարոտի տպավորություն էին անում մարդու վրա։ Նրա երեսը մաքուր սափրված էր, նորաբույս, բարակ սևագույն բեղերը խնամքով սրած։ Առհասարակ տխուր, դաժան մարդու բավական տգեղ մի կերպարանք էր։

Սանամի որդի Ռուստամն էր, Սուսանի նշանածը։

երկար չենք պատմիլ, թե՛ ինչպես գլուխ եկավ Սուսանի և Ռուստամի նշանվելը և, վերջապես, հարսանիքը։ Միայն այսքանը հարկավոր է ասել, որ այս բանում գլխավոր դեր կատարողը դարձյալ «ղարանգիզի» Շըպպանիկն էր։

Կիսով չափ համոզելով Սանամին, որ սա յուր որդու համար Սուսանին ուզի, Շըպպանիկը հենց նույն օրից սկսեց գործ դնել բոլոր յուր հնարները, որպեսզի բանն անհապաղ վերջացնե: Նախ և առաջ նա գնաց Սանամի ազգականների և բարեկամների, «Թուխիկ-Մուխիկի» մոտ, որ ամենքի առաջ Սուսանին արդարացնի։ Թեև Բարխուդարը նրան չէր խնդրել, որ այդքան աշխատի յուր աղջկա մասին և միայն կիսաբերան մի թեթև ակնարկություն էր արել, սակայն այսքանն էլ հերիք էր Շըպպանիկին։ Նա շատ էր լսել, ինքն էլ անձամբ փոքր ինչ ծանոթ էր Բարխուդարի բնավորությանը և գիտեր, թե ինչ նշանակություն ունի մի թեթև ակնարև Բարխուդարի պես մարդու կողմից։ Այս պատճառով Շըպպանիկը հանգստություն չուներ, ամբողջ երեք շաբաթ այստեղ ու այնտեղ, սրա ու նրա մոտ վազեց, գործ դրեց ամբողջ խորամանկությունը, սպառեց բոլոր հնարագիտությունը, լեզվի բոլոր ուժերը, մինչև որ բանը հաջողացրեց։