Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգիտեմ, ծնողներս կռնիցս բռնել են ու անտեր շորի պես շպրտում են մի անծանոթ ու անհայտ տղի շլնքին»։ Այսպես թե այնպես, Սուսամբարը նորահարս էր։

Հանդեսը ծռվեց դեպի այն փողոցը, ուր գտնվում էր Ռուստամի տունը։ Խլացուցիչ զուռնան անընդհատ փչում էր։ «Նաղա8աչին» երկու բարակ, տաշած, սրածայր փայտերով անդադար խփում էր կռնատակին բռնած նաղարայի չորացած կաշիին, թնդացնելով մառախուղը։ Հանկարծ հանդիսականների հետևից լսվեց մի ինչ-որ գոռոց և միևնույն վայրկյանին ռումբի չափ մի քար թռավ հանդեսի մեջտեղը։ Քարը դիպավ ջահ պահողի թևին, որի ձեռից ջահն իսկույն ընկավ և հանգավ։

Այդ անսպասելի դեպքը խառնաշփոթություն ձգեց հանդիսականների մեջ։ Սկսվեց իրարանցում։ Կանայք բարձրացրին ճիչ ու գոռոց, տղամարդիկ չվարվեցին։ Ու անթափանցելի խավարի մեջ իրարու չտեսնելով, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ամեն մեկը վախենալով մի որևէ հանկարծահոս վտանգից, պաշտպանողական դիրք բռնեց։ Ընդհանուր խառնաշփոթության մեջ մանավանդ շփոթվել էին նորապսակները, և Սմբատը, Սուսամբարն ու Գյուլնազը։

Աղմուկը շարունակվում էր, լսվում էին սպառնալի խոսքեր, անվայել հիշոցներ, և ոչ ոք չգիտեր ո՛վ է հայհոյողը և ում դեմ։ Որոշվում էին միայն մի երիտասարդի անկապ հիշոցները։

— Ջահը վառեցեք,— բացականչեց Ռուստամը յուր սուր, զորեղ և անհողդողդ ձայնով։

Ջահ պահողը, մի կողմում ընկած, տնքտնքում էր։

Հանդիսականներից մեկը իսկույն մի լուցկի վառեց։ Սև նավթի մեջ թաթախված ցնցոտիները բոցավառվելով, լուսավորեցին տեսարանը պղնձագույն և ծխախառն լուսով։ Գյուլնազը, Սուսամբարը և Սմբատը չէին հեռացել նորապսակներից։ Առաջին երկուսը Սուսանին կպած, պատրաստ էհն իրանց մարմնով պաշտպանել նրան վտանգի դեպքում։

— Ինչո՞ւ եք փախչում, էյ, է՛յ, կանգնեցեք, էյ նամարդներ, էյ վախկոտներ, —գոռում էր մեկը հանդիսականների