Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևում դեպի փողոցի մյուս կողմը, որտեղից լսվում էր մի խումբ փախչող մարդկանց ոտնաձայնը։

Հետո գոռացողը երեսը շուռ տվավ դեպի հանդիսականները և սկսեց դարձյալ հիշոցներ տալ։ Այս անգամ նրա հիշոցները որոշվում էին։ Նա հայհոյում էր առանձնապես Ռուստամին տասնյակ փողոցային կեղտոտ խոսքերով։ Հայհոյողը մի երիտասարդ էր։ Ջահի լուսո ճառագայթները լուսավորեցին նրան։ Նա գունատ էր ինչպես դիակ։ Հագուստը ոտից ցգլուխ շաղախված էր ցեխով, մազերը ցիր ու ցան, աչքերը վառված։ Աջ ձեռին պահած էր մի երկայն փայտ, ձախ թևի վրա փաթաթած էր չերքեզկան։ Նա կամենում էր առաջ շարժվել, բայց չէր կարողանում, ոտները չէին հնազանդվում։ Նա սաստիկ հարբած էր, այնպես որ կանգնած տեղը ամբողջ մարմնով տատանվում էր, ինչպես մի լարախաղ պարանի վրա։

— Ոչինչ չկա, զուռնան փչեցեք, առաջ գնանք,— խոսեց բարձր ձայնով Սմբատը և ինքը շտապով վազեց դեպի հիշոցներ տվող երիտասարդը։ Նա խլեց վերջինի ձեռքից փայտը, բռնեց նրա թևից և հեռացրեց հանդիսականներից։

— Այդ ի՞նչ պատահեց, ո՞վ էր այն տղան, ի՞նչ էր ուզում,— հարցնում էր անդադար Ռուստամը շրջապատողներին։ Եվ ոչ ոք նրան մի որոշ պատասխան չէր տալիս։

— Է՜հ, դատարկ բան է, գիշերվա շառլատաններից մեկն էր,— ասում էին միայն։

— Բայց ո՞վ էր, կարելի է ես ճանաչում եմ. անու՜նը։

— Թուրք էր,— պատասխանեցին, աշխատելով անհայտության մեջ պահել երիտասարդի անունը։

— Ախ, տեր աստված, այդ ի՞նչ կրակ էր, ես ճանաչեցի. նա ինքն էր,— քչփչաց Սուսամբարը Սուսանի ականջին։

— Ո՞վ էր,— հարցրեց նորահարսը հազիվ լսելի ձայնով։

— Սեյրանը։

— Սեյրանը,— կրկնեց Սուսանը թույլ ձայնով և ուշաթափվեց.

— Սուսան, Սուսան, ուշքի եկ,— բացականչեց Գյուլնազը,