Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երիտասարդական կենդանությունից վաղուց զրկված` աչքերը փայլում էին ներքին գոհունակությամբ։ Արդարև նրա ուրախությունն անսահման էր։ Չէ՞ որ նրա իղձը կատարվում էր և, վերջապես, նրա միակ ու սիրելի որդին պսակվում էր։ Նրա մայրական սիրտը զարկում էր միայն և միայն յուր որդու բախտավորությամբ։ Եթե կար մի ուրիշ անձնավորություն, որ թեև ուրիշ զգացմունքներից դրդված, բայց նունչափ այդ գիշեր ուրախ էր, որչափ Սանամը — այդ Շըպպանիկը էր։ Այս անգամ նա ձեռները մինչև բազուկները և գլխի կաճլիկ մազերը ներկել էր հինայով մի առանձին հոգացողությամբ։ Երբ հարսանիքի հանդեսը ներս մտավ, Շըպպանիկը իսկույն դուրս ընկավ նորապսակների դեմ և, երկայն բազուկները վեր քաշելով, սկսեց պարել զուռնայի եղանակով։

— Աստոծ շաննոոր անի, այ օղուլ, Շըպպանիկը չինար բոյիդ մատաղ,— բացականչեց նա, ընկնելով Ռուստամի վզովը և մի քանի անգամ համբուրելով նրա ճակատն ու թշերը։

Հետո, բաժանվելով Ռուստամից, շարունակեց պարելը:

— Ղայթաղի ածեցեք, ադա՛,— հրամայեց նա զուռնաչիներին և կռնատակից հանելով մի ափսե, պահեց յուր գլխից վեր, պարը շարունակելով։

Սանամը ծոցից քսակը հանեց և մի բուռն արծաթադրամ թափեց բաժակակալի մեջ։ Չորս կողմերից հանդիսականները հետևեցին նրան, և մի քանի րոպեում Շըպանիկի ափսեն լեցվեց պղնձե, արծաթե և թղթե դրամներով։ Երաժիշտների վառված աչքերը ագահությամբ ճանապարհ դրին այդ փողերը մինչև Շըպպանիկի գրպանը, որտեղից վերջինի աջ ձեռը հեռանալով, մի վիրավորական նշան արավ զուռնաչիներին։ Վերջապես, Շըպպանիկը ասպարեզից դուրս եկավ, յուր հնձով բավականացած, և նրա տեղը մեջ մտավ պառավ Սանամը։ Երաժիշտները իրարու աչքով արին և ավելի սաստկացրին զուռնաների ծվծվոցը։ Սանամը յուր հաստլիկ մարմինը լխլխացնելով և մինթանայի փեշերդ ֆռռացնելով, սկսեց պար գալ։ Ռուստամը հնգանոց թղթադրամի ծայրը թքով թրջեց և իրենց յուր մոր ճակատին։