Սուսանն յուր լղարած, դողդոջուն ձեռով հանեց մի կապույտ թղթադրամ, ամոթխածությամբ դրավ յուր սկեսրոջ ափի մեջ։ Հանդիսականները ոգևորվեցին, և ամեն մեկը շտապեց յուր լուման ասպարեզ հանել։ Սանամը հավաքված փողերը հանձնեց զուռնաչիներին և դուրս եկավ ասպարեզից։ Այնուհետև հանդիսականներից մեկը մի մեծ ափսե բռնեց նորապսակների գլխին, և ներկա եղողները մի առ մի հերթով ձգեցին իրանց նվերները։ Որը ձգեց թուղթ փող, որը ոսկի, որը մի որևէ ոսկեղեն կամ արծաթեղեն, որը մի որևէ հագստացու և այլն։ Վերջապես, զուռնան դադարեց և հանդիսականները ներս մտան ընթրելու։
Սուսանին տարան կանանց բաժինը, որ Սանամի հարևանի տանն է, իսկ Ռուստամը մնաց տղամարդկանց բաժնում։
Իբրև նորահարս, Սուսանը, քաղաքի ավանդության համաձայն, պարտավոր էր ամբողջ ընթրիքի ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։ Բայց այս անգամ այդ ավանդության դեմ մեղանչեցին։ Հանդիսականներից մի քանիսը, որոնք ներկա էին այս գիշերվա անսպասելի անցքին և Սուսանի ուշագնացության ականատես, համոզեցին վերջինին և նստացրին սենյակի ծայրում, հատուկ յուր համար պատրաստած փափուկ մետաքսյա մինդարի վրա։ Գյուլնազն և Սուսամբարը նստեցին նրա կողքին, մեկը — աջ, մյուսը — ձախ։ Ընթրիքի ժամանակ Սուսամբարը անդադար քչփչում էր Սուսանի հետ թաքուն, այնպես որ ոչ ոք նրանց լսել չէր կարող, մանավանդ որ բոլորը զբաղված էին ավելի ուտելով, քան նորահարսով։
— Խեղճս գալիս է նրա ծնողներին, հիմա ես գիտեմ ինչ օրումն են նրանք,— ասում էր Սուսամբարը։
— Չեմ իմանում, թե այսքան մեղքերիս համար ինչ պատասխան պիտի տամ ահեղ դատաստանի առաջ,— քչփըչաց Սուսանը։
— Դո՞ւ ինչ մեղավոր ես։
— ՉԷ, Սուսամբար, մեղավորն ես եմ, հորս տանջողն էլ ես եմ։
Էհ, երկնային թագավոր, փառք քո զորությունին, փա՛ռք, ինչ պիտի անեմ։