Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինքդ քեզ մի տանջիր առանց այդ էլ հրեդ մի ոսկոր է մնացել ու մի կաշի։

— Երանի կլիներ, որ այն էլ շուտով հողի տակ փտեր, ես էլ կհանգստանայի, կհանգստանային ուրիշներն էլ։ Մտիկ արա, Սուսամբար, կողքիս նստած մորս, մտիկ արա նրա երեսին, տես, թե նա ինչ օրն է ընկել։ Տես, խեղճ կնիկը կռները ծոցում ծալած մոտս այնպես է նստել, որ, կարծես, իմ թաղման հանդեսն է կատարվում այստեղ։ Ուրիշները ուտում են, խմում, ուրախանում, բայց նա, կարծես, մյուս աշխարհ է թռել։ Ախ ծնողներ ծնողներ, սպանեցի ես ձեզ իմ հիմարությամբ։

Այս խոսքերն արտասանելիս Սուսանի աչքերից դուրս թափվեցին արտասուքի առատ կաթիլներ և ողողեցին նրա մաշված ու գունասպառ երեսը։ Նա արտասուքը խեղդեց, նրա կուրծքը ծանր շնչառությունից սկսեց բարձրանալ ու ցածրանալ այնպես, որ կարծես, թշվառ նորահարսը մահվան մահիճում լիներ։ Հանդիսականներն այդ չնկատեցին, բացի Սուսամբարից։ Չէր նկատում նույնպես և Գյուլնազը, որ, աչքերը սեղանի մեջտեղին հառած, արձանացած, նստած էր։ Նրա աչքերը կորցրել էին իրանց նախկին կրակոտ փայլը, և կենդանության մի թույլ նշան էր մնացել նրանց մեջ։ Նրա պշկած երեսը տեղ-տեղ ծածկվել էր կնճիռներով, և մի խորը գիծ նրա ոսկորացած ճակատի մեջտեղով ուղղագիծ անցնելով, բաժանում էր կուչկուչված հոնքերը իրարուց։

— Սուսամբա ր,— շշնջաց կրկին Սուսանը։

— Հըմ, խոսիր, հոգիս, ի՞նչ ես ուզում,—հարցրեց Սուսամբարը, թեքվելով դեպի նրա ականջը։

— Մի բան որ հարցնեմ, ճշմարիտը կպատասխանե՞ս։

— Սուսամբարը ե՛րբ է քեզ սուտ ասել, որ հիմա ասի,— պատասխանեց Սուսամբարը խորը հանդիմանական եղանակով։

— Ճշմարիտ է, որ ասում են, թե աստված ինքնասպանի հոգին առանց դատաստանի է հանձնում սատանաներին։

— Այդպիսի բաների վրա խոսելու ժամանակ չէ, հարսանիքդ է։ Մեղք է, Սուսան, մի՛ խոսիր։