Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց երբ լսում էր, որ խոսակցությունը բոլորովին մի ուրիշ առարկայի մասին է, նույն զգուշությամբ հեռանում էր, ինքն իրան ասելով. «գիտեմ ինձ վրա էին խոսում, բայց, երևի, ինձ տեսան, խոսքը փոխեցին»։

Մի անկյունում նրա ականջին հասավ մի խոսք, և նա մնաց մեխված տեղն ու տեղը։ Այս անգամ խոսողները երկու երիտասարդներ էին, որ գինու ազդեցությունից հազիվ կարողանում էին ոտքի վրա կանգնել։ Ռուստամը կանգնած էր նրանց հետևում, այնպես որ չէր նկատվում։

— Քեզ ասում եմ մինչև կոկորդը, այ մինչև այստեղ,— ասում էր խոսողներից մեկը, ձեռով ցույց տալով յուր կոկորդը։

— Ա՛ քիշի, չէ՞ ցըրը՛ ցըրը՛։

— Դու մեռնես, եթե սուտ ասեմ։

— Հապա նրան թողած, ինչի՞ դրան եկավ։

— Փահ, երեխա ե՞ս, հապա հե՞րը։

— Չուզե՞ց։

— Չէէ՛

— Խեղճ աղջիկ, հիմա ով է իմանում, սիրտը բլթբլթըմ է։

— Հը՛մ, իսկի խոսք կա՞, չտեսար ինչպես սիրտը գնաց։

— Տեսա, ինչպես չէ, նրան էլ տեսա։

— Տղի՞ն։ Ամա նամարդ ընկերները լավ փախան հաա։

— Ես էլի չեմ հավատում, որ աղջիկը...

— Դու իսկի ջահիլություն չես արե՞լ։ Ադա՝, ջահիք աղջիկ, ջահիլ տղա, հըմ,— ասաց երիտասարդը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։

— Աստված մի արասցե, Ռուստամը իմանա հա՛ ։

Երաժիշտները կրկին պարելու եղանակ հնչեցին, և խոսողները շտապեցին պարի հանդեսը։

Ռուստամի դեմքը թղթի գույն ստացավ, աչքերը վառվեցին, շրթունքները կապտեցին, ծնկները թուլացան, և քիչ մնաց թավալվեր դահլիճի հատակի վրա։

— Ի՞նչ եմ անում, տղամարդ չեմ, ինչ է, — ասաց նա ինքն իրան, աշխատելով անտարբեր ձևանալ։ Նա բեղերը և շրթունքները կրծոտելով, մի քանի վայրկյան մնաց անշարժ։