խորհրդավոր լռությամբ։ Շըպպանիկե էր, որ յուր սովորական երգով ընդհատեց այդ լռությունը։ Սկսեցին ճաշել։ Ռուստամն անցավ տղամարդկանց բաժանմունքը։ Այժմ նա ուրախ էր, նրա երեսին այլևս չէր նշմարվում անհանգիստ մռայլությունը, ինչպես հարսանիքի գիշերը։— «Ախ, չար լեզուներ, չար մարդիկ, ինչ բաներ էիք հնարում մի անմեղ արարածի անունը կեղտոտելու համար»,— կրկնում էր նա ինքն իրան։ Շըպպանիկի ուրախությունն անսահման էր։ Նա իրան համարում էր օրվա հերոսուհի, որովհետև խիղճը հանգիստ էր։ Անդադար մոտենում էր Սանամին և ուրախ-ուրախ քըչփըչում։ Ինչ էին խոսում նրանք,— այդ միայն իրանք գիտեին։ Սակայն Սանամի հարաբերության մեջ նշմարվում էր խորին շնորհակալություն դեպի Շըպպանիկը։ Հանգիստ էր նույնպես և Գյուլնազը։ Նա մի առանձին քնքշությամբ էր նայում Սուսանին։ Բայց ամենից ուրախ, գոնե ըստ երևույթին, էր Սուսամբարը։ Նա անընդհատ ծիծաղում էր, երբեմն ծափահարում, զանազան սրախոսություններ անում և հանդիսականներից սրան ու նրան ծաղրում։ Իսկ մանավանդ նա ակնարկում էր Շըպպանիկին, որ չէր կարողանում, ինչպես ինքն էր ասում, «լպստածի օֆտից գալ»։
— Շըպպանիկը որ կա, մի մեռել լվանող ժամհար է,— ասում էր Սուսամբարը,— ինչ մեռել որ ասեք, լողացնում է։ Մեռելն արքայություն կգնա, թե դժոխք, այդ նրա գործը չէ, միայն թե մեռելահախը ստանա։ Չէ՞, Շըպպանիկ։
— Լվացած մեռալներս չիմ արքայություն ան քինամ,— պատասխանեց Շըպպանիկը։ — Ինչպես չէ, հըմ, հիմա այնքան աներեսն ես, որ կասես թե Սուսամբարին էլ արքայություն ես ուղարկել։
— Հանց միջումն ես նստած քի, ա բախտավար։ Հիչ ա իլալ, մարդդ էլ փող, էլ դոլվաթ, էլ տուն, էլ տեղ, շիր ու շնորհք, ի՞նչն ա պակաս յարաբ։
— Մարդս հարուստ է, բայց մի կտոր բան կա, որ չի կարողանում առնել։ Դրան ի՞նչ կասես։
— Յարաբ նա հի՞նչ բան ա։