Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այ, այստեղ որ կա։

Սուսամբարն այդ ասելով, աջ ձեռը դրավ յուր ձախ կրծքին։

— Սիրտը՞դ։

— Հա, մի կտոր միս, որ մարդս չի կարողանում առնել ինձանից։

— Հալբաթ շատ թանկ ես ծախում։

— Էժան, բայց մարդս շատ ժլատ մարդ է։ Նա օրական տասն անգամ բարկանալուց և ամեն առավոտ քացախած երեսը վրաս ծռելուց ավելի ոչինչ չի տալիս։ Շատ էժան չի՞, Շըպպանիկ։ Քո իմանալով, քանիսի՞ն ուղարկած կլինես այդ արքայությունը։

Սուսամբարի այդ խոսքը հանդիսականների մեջ ձգեք մի փոքրիկ աղմուկ։ Այս ու այն կողմից սկսեցին ծաղրել, ծիծաղել, բարկանալ և հանդիմանել Սուսամբարին։

— Նոր-նոր հավեր են դուրս եկել, երկաթի ձվեր են ածում,— ասաց մեկը։

— Ով է տեսել ինչրյու օրս, որ կնիկը մարդին ուրիշների մոտ բամբասի,- ավելացրեց մի ուրիշը։

— Ախար դե կարդացած ա, բաս շնորհքը շանց չտա՞, վիշշ, երեսիդ մեռունը թափվի, հալլա,— մեջ մտավ երրորդս, քիթ ու պռունգը մի կողմ շուռ տալով։

Դա Սանամի տալոջ աղջիկն էր, մի բավական չափահաս կին։

— Ես դրուստն եմ ասում,— շարունակեց Սուսամբարը։— Դուք ձեր ցավերը ինչքան ուզում եք թաքցրեք ձեր կրծքի տակ, որ այնտեղ սիրտներդ մըզմըզ ուտի հա ուտի։ Դու էլ, խնամի — դարձավ նա Սանամի տալոջ աղջկան,— դու էլ Շըպպանիկի լվացած մեռելներից ես, ասա՛ տեսնենք, օրական քանի անգամ է ազրահիլը մեջքիդ վրա փլավ ուտում։ Մի վախենար, ես շատ լավ եմ իմանում գլխիդ մազերի չափ մարմնիդ վրա ճիպոտի կապույտ զոլեր կան։ Բայց դու հենց էլի դրան ու նրան ասա — չէ։ Ումը որ հավատացնես, ինձ հո չես կարող։

— Ես իմ մարդիս ապրանքն ամ, ղուլն ամ, նա իմ գլխիս տերն ա, հինչ որ ուզում ա, անըմ ա, քեզ հի՞նչ զոռ ա