Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծես, ես ցավ չունիմ։ Տեսնում ես, մայրս այսօր ինչպես ուրախ է, տես, հենց նրա ուրախ լինելն է ինձ հանգստացնում: Խեղճ կնիկ, մի տարի էր, որ հալված ու պշկած երեսդ ծիծաղ չէր տեսնում։

Այս խոսքերն արտասանելու միջոցին Սուսանի աչքերից կրկին ընկան արտասուքի մի քանի կաթիլներ և թրջեցին նրա այտերը։ Նա հանեց արխալուղի գրպանից մետաքսյա թաշկինակը և սրբեց երեսն ու աչքերը։ Թեպետ նա արտասվում էր, բայց չէր հեկեկում, և նրա մաշված կուրծքը չէր բարձրանում ու ցածրանում, ինչպես հարսանիքի երեկո։

— Հերիք է, Սուսան, արտասուքիդ կաթիլները ասեղների պես ծակոտում են կոտրված սիրտս։ Օրես դեն լացդ անօգուտ է, հիմա զոռով քեզ համար պիտի ուրախություն ըստեղծես։

— Սուսամբար, մի բան խնդրեմ։

— Հրամայիր։

— Շաբաթը մի քանի անգամ կգնաս մեր տուն, որ մորս ժամանակը ուրախ անց կենա։

— Աչքիս վրա։

— Հորս մասին էլ տեղեկություններ կբերես ինձ։

— Լավ։

— Մի բան էլ եմ ուզում ասել, քաշվում եմ։

— Ինձ հետ էլ ես նազ ու բազ անո՞ւմ, Սուսան։

— Լավ, կասեմ։ Հարսանիքի գիշեր, որ ես ուշաթափվեցի, Սմբատը վազ է տալիս մի մոտիկ գինետուն ինձ համար ջուր բերելու։ Այնտեղ նա պատահում է Սեյրանին, կռվում են, Սմբատը թակում է Սեյրանին։ Այս բանն երեկ ինքը, Սմբատը պատմեց ինձ։ Սուսամբար, եթե ինձ սիրում ես, հենց այսօր գնա նրանց տուն ու Սեյրանի մասին ինձ համար տեղեկություն բեր։ Սեյրանին թաքուն տես, ինձանից բարևիր և ասա, որ ես էլի առաջվա Սուսանն եմ։ Աշխատիր սիրտ տալ, կարելի է մոռանա ինձ և մի կերպ ճանապարհի գա, թեպետ խելքս չի կտրում, որ նա փոխվի։ Ասա, թող ինձ ների, որ ես այսքան չարչարեցի իրան։ Իմացա՞ր։ Այս իմ վերջին խնդիրն է, Սուսամբար։

Սուսանը թեև շշնջալով, բայց յուր խոսքերը արտասանում