Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր ծանր ու անհողդողդ եղանակով, ամեն մի բառ առանձին շեշտելով և երբեմն խոր հառաչելով։ Եվ թեպետ արտաքուստ խաղաղ էր, սակայն նրա աչքերի մեջ երևում էր խորին հուսահատություն։ Նա թաշկինակը տարավ դեպի աչքերը և սրբեց տամուկ թերթերունքները։ Հանդիսականները չէին նկատում, թե Սուսանի երեսքողի տակ ինչ է կատարվում։ Նրանք զբաղված էին ճաշով։

— Դեհ, Սուսամբար, էլ ուրիշ խոսք չունիմ,— շարունակեց Սուսանը,— ինչ որ խնդրեցի — կկատարես, աղաչում եմ։ Հիմա մի քիչ կերակուր տուր, որ մորս մոտ ուտեմ։

Սուսամբարը վեր կացավ տեղից և ոտնավորին հրամայեց մի ափսե փլավ բերելու։ Սուսանը քողի տակ սկսեց ճաշել:

Վերջապես, ճաշն ավարտվեց։ Հանդիսականները վերջին անգամ շնորհավորեցին նորապսակներին և հարյուր տեսակ աղոթքներով մաղթեցին նրանց բախտավորություն ու ցրվեցին իրանց տները։

Մեղրամիսն անցավ, Ռուստամը ճանապարհ ընկավ Թեյմուր-խան-Շուրա յուր առևտրական գործերով։

X

Ձմեռն էր, հյուսիսային քամին կատաղությամբ ձյունի խոշոր ու չորթ քուլաները սրահից հավաքելով, զարնում էր Հայրապետանց տան դռներին ու պատուհաններին։ Երեկո էր։ Մարիամ բաջին մինչև մեջքը քրսինի տակ խրված, առջևը մի սկուտեղ դրած, բրինձ էր մաքրում։ Նա ընթրիքի համար պիտի փլավ պատրաստեր, որ դեռ առավոտյան բազար գնալիս պատվիրել էր Հայրապետը։ Չնայելով, որ օրը բավական մթնել էր, Մարիամ բաջին ճրագը վառել չէր։ Նա ուզում էր բրինձը ընտրել, վերջացնել ու հետո տեղից վեր կենալ։ Սենյակում բացի նրանից ոչ ոք չկար։ Դռան ճեղքերից ձյունի կարկտանման հատիկները, ներս սրընթալով, կիտվում էին կիսամաշ կարպետներով և փսիաթներով ծածկված հատակի վրա։ Երբեմն-երբեմն քամին այնպես