սասականում էր, որ վզզալով, կարծես, ուզում էր սենյակի դռները դուրս հանել կրունգից։
Վերջին ամիսները Մարիամ բաջին բավական փոխվել էր։ Ծերությունը այդ կարճ ժամանակում նրան միանգամայն հաղթել էր։ Նրա նիհար բազուկները հալվել էին ու կպել կողքերին, երեսի գունասպառ կաշին խորշոմել, կուչ-կուչվել էր աչքերի տակ, պնչերի շուրջը և ծնոտի վրա։
Մի տարուց ավելի էր, որ նա դադարել էր գլուխը հինայով ներկելուց։ Նրա գլխի մազերը այժմ երկու գույն ունեին — արմատից սկսած մի մատնաչափ` ճերմակ, իսկ այս տեղից մինչև ծայրը` կարմիր։ Այդ մի տեսակ դաժանություն էր տալիս նրա դեմքին։ Նա մտածում էր յուր միակ զավակի մասին, մտածում էր, և նրա սիրտը կսկծում, որովհետև երկար մտածողությունից հետո ոչ մի ուրախալի եզրակացության չէր հասնում։
— Էսօր դրուստ վեց շաբաթ է, որ նա գլուխ է վերցրել ու գնացել ղարիբություն,— ասում էր ինքն իրան Մարիամ բաջին հառաչելով։— Ո՞րտեղ է գնացել,— ոչ ես գիտեմ, ոչ Հայրապետը, ոչ էլ մի ուրիշը։ Սեյրան, Սեյրան, թարթափիլ անեն բախտավոր մերերը, նրանք էլ տղա ունեն ղարիբ տեղերում, ես էլ ասում եմ, որ ունիմ։ Է՜է, կյանքս մաշվել է, մի մազ դառել, էսօր էգուց նա էլ կկտրվի։ Երկնային թագավոր, արևս մայր է մտնում, էլի դու ինձ չես խնայում: Ի՞նչ անեմ, էլի փառք քո զորութենին, էլի թող քո կամքը լինի։
Մարիամ բաջին մի հայացք ձգեց սենյակի առաստաղին և երեսին խաչակնքեց։ Հետո նա մի քիչ իրանից հեռացրեց բրինձի սկուտեղը, ձեռները ծալեց, գրավ քրսինի ծայրում և գլուխը դրեց կոների վրա։ Անցավ մի րոպե, նա գլուխը բարձրացրեց, սկուտեղը առաջ քաշեց և դարձյալ սկսեց ինքն իրան խոսել։
— Տերևը ծառից, մազը մարդու գլխից առանց քո հրամանի չի ընկնում, տեր աստված։ Ինչ լինում է, քո կամքովն է լինում, օրհնյալ լինիս դու և օրհնյալ լինի քո կամքը։ Ամենքին էլ բախտավորեցրիր, ամենքի բանն էլ դրստեցիր, ինչո՞ւ, յարաբ, ես ի՞նչ մեղավոր էի, որ դու ինձ էս օրին