Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեկո էր։ Երկնքից իջնող ձյունը, Հյուսիսային Դաղստանի բարձրագագաթ սարերից փչող մրրիկից հալածվելով, խավար մթնոլորտի մեջ պտտում էր կատաղի ալիքների պես։

Շուրայի արևելյան կողմում կար մի կեղտոտ քարվանսարա։ Այդ քարվանսարայի օթևաններից մեկում նստած էր մի երիտասարդ։ Օթևանն ուներ մի փոքրիկ դուռ ու մի փոքրիկ պատուհան և լուսավորվում էր հասարակ թիթեղյա կանթեղով, որ դրած էր փսիաթներով ծածկված խոնավ հատակի վրա։ Դրսից կարկուտանման ձյունը սարսափելի քամու զորությունից օթևանի դռան և պատուհանի ճեղքերից ներս մտնելով, զարկում էր երիտասարդի կերպարանքին։

Օթևանում սաստիկ ցուրտ էր։ Բացի կանթեղի թույլ ջերմությունից, չկար ուրիշ վառելիք, որ մեղմացներ այդ ցուրտը։


Այս պատճառով երիտասարդը ոտից ցգլուխ փաթաթված էր սև յափունջիի մեջ։ Ներս թափվող ձյունը հավաքվել էր յափունջիի վրա և ծածկել սպիտակ սավանով։ Ֆոտոգենի դեղնագուն լույսը, հազիվ հազ կանթեղի մրոտ ապակու միջով թափանցելով, սփռվել էր երիտասարդի դեմքի վրա։ Հոգեկան դառն տանջանքի, ծանր վշտերի խոր կնիք էր դրոշմված այդ դեմքի վրա։

Սեյրանն էր։

Ինչո՞ւ համար է եկել նա Շուրա, ի՞նչ մտադրություն ունի։ Սեյրանը մեն-մենակ նստած սառն օթևանում, թաղված էր խորը մտածողության մեջ։ նա քրքրում էր յուր մոտիկ անցյալը, քննում, քննադատում էր այն բոլոր փոձանքները, որ վերջին ժամանակները անցան նրա գլխով։ Եվ երբեմն-երբեմն սկսում էր ինքն իրան խոսել մի այնպիսի բարձր ձայնով, որ եթե օթևանում մեկը լիներ, կարող էր լսել նրա խոսքերը։

— Որքան մտածում եմ, որքան գլուխս տրաքացնում եմ, միևնույնը, միևնույնը, միևնույնը,— մտածում էր Սեյրանը։

— Սուսան, Սուսան, քարացած խղճմտանքով արարած, լավ խաբեցիր ինձ, լավ գլխատակիս բարձ դրիր։ Հա, շատ լավ, շատ լավ խաբեցիր։ Բայց չէ, սպասիր, սպասիր, շատ երկար չի քաշիլ, ես, հըմ, ես ի՞նչ…

Սեյրանը ձեռը դրեց ճակատին և մի քանի րոպե լռեց։