Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ապրիր, ապրիր փառավոր,— շարունակեց նա, ձեռը ճակատից հեռացնելով։ Պարծենում ես, հա՞։ Կարծեցիր, բայց այն էլ իմացիր, որ ինչ էլ լինի, էլի հոգիդ իմ ձեռքումն է. ես եթե ուզենամ, կարող եմ հենց վաղը, հենց այս գիշեր փոխել քո բախտը։ Դու իմ ծնողների կյանքը թունավոեցիր, մորս զրկեցիր յուր միակ զավակի երեսից, ինձ չոլերը բաց թողեցիր, որ դու այսօր հանգիստ տանդ նստե՞ս։ Չէ, դու քո հոր նամուսն էիր ուզում պահե՞լ։ Իրավունք ունես։ Բայց ի՞նչ ես մտածում։ Մի՞թե կարծում ես, որ ես նամուս չունեմ։ Մի՞թե կարծում ես, որ ես այնքան փչացած եմ, որ չեմ կարող պատիվս պաշտպանել։ Երեխա ես, խեղճ, չես ճանաչում Սեյրանին… «Ապրիր, սպասիր և կտեսնես, թե Սուսանը քեզ ինչպես է սիրում և ինչպես նա կզոհվի քեզ համար»։ Այդ քո բերանից դուրս եկած խոսքերն են։ Հապա ինչու այդպես շուտ մոռացար ինձ։ Ռուստամի հարստությունը, տուն ու տեղը ոսկի արծաթը, զառ ու զառբոֆը քեզ շլացրին, հա՞։ Լավ, ինձ էիր խաբում, հա՞։— Սպասիր, համբերիր, շատ էլ խաբվող մարդ չիմանաս Սեյրանին։ Դու ուզում էիր քո և քո ծնողների իբրև թե ընկած անունը ուրիշների աչքում բարձրացնել, նրանց նամուսը մաքրել և այդ պատճառով էլ ինձ թողիր ու գնացիր Ռուստամին։ Լավ, բաս Սեյրա՞նը, նրա՞ նամուսը։ Չլինի թե կարծում ես, որ նա ոչինչ չի հասկանում։ Ինքդ քո անունը ուրիշների բերանից ազատեցիր, իսկ իմ անունը կեղտոտելով, գցեցիր սաղ քաղաքի բերանը։ Խեղճ ողորմելի, կարծում ես, որ այսքանն էլ հասկանալու խելք չունի՞ Սեյրարնը, հա՞։ Տեր աստված, տեր աստված, միթե՞ ես այնքան փչացել եմ, ընկել եմ, որ էլ ոտքի կանգնելու կարողություն չունիմ։

Սեյրանը գլուխը քիչ թեքեց դեպի մեջքը և յուր անորոշ հայացքը մի քանի րոպե հառեց օթևանի առաստաղին, որի փտած ու սևացած կոճերը կտուրի ծանրությունից ծռվել էին ու ճաքճքել։ Նա մտածում էր, թև ինչպես ինքը խայտառակվել է յուր ընկերների առաջ, թե ինչպես այդ ընկերները ամեն անգամ յուր երեսին կրկնում էին Շամախում․ «վախկոտ ես, անազնիվ ես, նամուս չունես, որ աչքերդ բաց