Ռուստամին,— շարունակեց մտածել նա,— տեսա, արյունս գլխովս տվավ։ Ես ուզում էի մոտենալ, խանչալս փորը կոխել, փորոտիքը դուրս թափել։ Ուզում էի փողոցի սպիտակ ձյունը ներկել նրա կարմիր արյունով, որ սիրտս հովանար։ Բայց ես այդ չարի։ Չկարծես, որ վախեցա նրանից, Սուսան, չէ, չարի, որովհետև հիմա մտածում եմ, որ նա այնքան մեղավոր չէ, ինչքան որ դու ես մեղավոր, Սուսան։ Եթե ես վրեժ եմ ուզում հանել, լավն է ձեր երկուսից հանեմ, թե չէ միայն Ռուստամի արյունը ինձ չի հովացնի։ Հըմ, իմանում եմ, Սուսան, դու ինձ այնքան մոռացել ես, որ սրան ու նրան էլ հավատացրել ես, թե Սեյրանին իսկի երեխաությունից չես ճանաչել։ Այդ ես գիտեմ որ ասել ես, հենց ընկերներս էլ այդ պատճառով են ինձ այդքան ծաղրում։ Շըպպանիկին ծնողներդ գցել են քաղաք, որ այստեղ ու այնտեղ ասի, թե «կուժ ծախողանց Սեյրանը զուր տեղն է դրան ու նրան ասել, թե Սուսանը նրա հարսնացուն է եղել, այդ է արել, այն է արել» և այլն, և այլն։ Առաջինը ես ոչ ոքի չեմ ասել իմ բերանով այն բաները, ինչ որ խոսում են քաղաքում: Երկրորդը՝ թե որ խոսում են, սո ՞ւտ են խոսում, Սուսան: Սո՞ւտ է, որ որ դու իմ հարսնացուն ես եղել երեխայությունից, սո՞ւտ է, որ ես քեզ հետ խոսել եմ, տեսնվել եմ։ Ամեն ցավերից ազատվել ես, հանգիստ ապրում ես, հիմա ուզում ես Սեյրանին սուտ դուրս բերել հա՞ա։ Լավ, շատ լավ, Սեյրանն էլ խելք ունի, հիմար չէ։ Թող չհավատան, թող ծաղրեն, ինչքան ուզում են, Բայց ես շուտով, շատ շուտով ամենքին ցույց կտամ, կհաստատեմ, թե ես սուտ չեմ ասել, թե ինչ որ խոսում են, գոնե նրա կեսը, կիսի կեսը ճշմարիտ է։ Թող մարդդ, Ռուստամը, որ հավատացած է, թե ես շառլատան եմ, թող տեսնի, ով է շառլատան։
Սեյրանը կրկին նստեց, քառորդ ժամի չափ գլուխը ձեռքերին հենած, մնաց անշարժ։ Հետո նա դարձյալ վեր կացավ տեղից և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ ավելի արագ և ավելի ամուր քայլերով։
— Արյունս գլխովս է տալիս, աչքերս մթնում են, երբ մտածում եմ, թե ինչեր են խոսում ինձ վրա ընկերներս։ Չէ անպատճառ ես պիտի վրեժ առնեմ։ Էլ ո՞ր օրվա