Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարսնացվիդ քեզանից խլեցին, ուրիշին տվին» և այլն, և այլն։

— Ղարգուշանց էմիրը, էմիրը, տես ինչքան ընկել եմ, որ նա էլ է ինձ ծաղրում։ Նա էլ մինչև անգամ ինձ վրա լեզու է բանեցնում, փահ, փափախդ ցեխի մեջ ընկնի, Սեյրան ջահիլ հա,— ասաց նա, երկու ձեռներով մի ուժգին հարված տալով գլխին, որ ծածկված էր Դաղստանի մոխրագույն երկարամազ «շուլլահիով»։

— Հարցնող լինի, թե էլ այսուհետև ինչ երեսով եմ ապրում։ Ծնողներիս աչքից ընկած, Շամախու մեջ խայտառակված, ընկերներիս մոտ ծաղրի ու ծիծաղի առարկա դարձած, էլ ի՞նչ երեսով եմ մտիկ անում ուրիշներին։ Շամախում չկարողացա ապրել, դուրս եկա, Ղուբա գնացի։ Խեղճ մայր, դու հիմա հավատացած ես, որ առուտուր է անում։ Խեղճ պառավ, խեղճ պառավ, ծնվեցի թե չէ — օրդ սևացավ։

Սեյրանը բարձրացավ տեղից և սկսեց փոքրիկ ու նեղ օթևանի երկայնությամբ շրջել հետ ու առաջ։ Տեր աստված, տեր աստված, ինչեր են խոսում հիմա ջահիլները Շամախում։ Ինչ պիտի խոսեն, ամեն անգամ Սեյրանի անունը տալիս երեսները ծռում են ու թքում. օհ, ճակատը ամոթից քրտնում է, երբ մտաբերում է նրանց։ Հիմա ամենքը, հավաքված գինետներից մեկում, խմում են։ Մինը ուզում է նրա կենացը խմել, մյուսը չի ուզում խմել, «չունքի նա նամարդ, բենամուս է, մեր դաստի անունը բեբուռ արավ սաղ քաղաքում»։ Ճշմարիտ է, իրավունք ունեք ասելու. նա խայտառակ արավ ձեր դաստի անունը։ Բայց սպասեցեք, Սեյրանը շատ էլ բենամուս ջահիլ չէ, սպասեցեք և կտեսնեք։ Դրսում քամին շարունակ փչում էր։ Սեյրանը մոտեցավ պատուհանին և սկսեց նայել դուրս, դեպի քարվանսարայի բակը։ Մի քանի րոպե շարունակ նա մտիկ արավ, թեև նրա աչքերը պատուհանի սառցապատ ապակիների միջով ոչինչ չէին կարողանում որոշել դրսում։ Հետո նա երեսը շուռ տվեց և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ բավական հաստատ և կանոնավոր քայլերով։

- Երեկ ես բազարում տեսա քո մարդուն, Ռուտամին