Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Խորին երախտագիտությամբ նվիրում

եմ իմ մորը, Օվսաննա Մովսիսյանին

ՀԵՂԻՆԱԿ


ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

I

1859 թվականի մայիս ամսին պատահած երկրաշարժը մեծ թշվառություն էր Շամախու համար։ Բավական ծաղկած և կանոնավորված նահանգական քաղաքը մի րոպեում կերպարանափոխվեց, դարձավ ավերակ։ Ստորերկրյա զորեղ հարվածը մի ակնթարթում դուրս թափեց փողոցները հազարավոր ընտանիքներ, որոնք մինչև այդ րոպե հանգիստ իրանց տներում նստած, չգիտեին բնությունն ինչ դժբախտություն է պատրաստել իրանց համար։ Հայ, ռուս, թուրք, բոլորը խառնվեցին իրարու, և փողոցներն ու հրապարակները մի րոպեում սևացան մարդկանցով։ Բարձրացավ աննկարագրելի աղմուկ, խլացուցիչ դղրդոց։ Քառասուն հազար բնակիչների միաձայն գոռում ու գոչումները, խառնվելով փլատակվող շինությունների թնդումների հետ, ականջներ էին խլացնում։

Ընդհանուր աղմուկին մասնակցում էին տնային կենդանիների աններդաշնակ ձայները։ Տավարների բառանչումները, շների ոռնալը, թռչունների կչկչոցները, բոլորը, միանալով փոշիալի օդի մեջ, ահաբեկել էին ժողովրդին։

Առաջին վտանգալի րոպեին մարդիկ մոռացան ամեն ինչ, նույնիսկ յուր սրտին ամենամերձավոր արյունակիցներին։ Այդ մահաբեր րոպեն մոռացնել ավեց մորն յուր զավակներին, որոնց համար մի փոքր առաջ պատրաստ էր կյանքը զոհել։ Հանկարծահաս վտանգի բուռն զգացմունքների