Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճնշման ներքո սեփական անձի փրկության խնդիրը երկրաշարժի րոպեում խավարեցրեց, անհետացրեց ամեն ինչ:

Անցավ առաջին ահարկու րոպեն։ Մարդիկ փրկված են վտանգից։ Ամենքը, փլչող պատերից հեռացած, խռնվում են փողոցներում։ Այստեղ միայն առաջին անգամ յուրաքանչյուրը սկսում է մտաբերել յուր արյունակիցներին։ Կրկին սոսկումը տիրում է ամենքին, և ահա թշվառները գունաթափված, մեռելային դեմքերով ընդհանուր խառնաշփոթության մեջ շվարված, որոնում են իրարու։

Օդը թնդում է հազարավոր վայվույներով։

— Աղբերս վա՛յ, աղբերս վա՛յ,— բացականչում է մի կողմում մի նազելի աղջիկ, փետտելով գլխի մազերը և մերկ կրծքին բռունցքներ տալով։

Սովորական ամոթխածությունը նրան չի նեղում այդ րոպեին։ Նա մոռացել է յուր ծննդավայրի ավանդությունը, որը չափահաս աղջկան արգելում է օտար տղամարդկանց առաջ բերան բանալն անգամ։

Աղջիկը ուշադրություն չի դարձնում յուր շուրջը, չի քաշվում ոչ ոքից։ Նրա ուշ ու միտքը կենտրոնացած է հողի ու քարերի մի բարձր կույտի վրա։ Այստեղ կենդանի թաղված է նրա թանկագին եղբայրը, որ մի րոպե առաջ նրա հետ խոսում էր, զվարճանում էր կամ գուցե կռվում։ Ձեռներն առաջ տարածելով, նա աղաչում, պաղատում է անցորդներին, որ օգնեն դուրս բերելու եղբորը հողի ու քարերի տակից։ Ո՛չ ոք ուշադրություն չի դարձնում նրա աղերսալի գոռոցների վրա։ Ամենքը զբաղված են իրանց մոտավորների վիճակով. երևի, ամենքն ունեն մի-մի այդպիսի կենդանի թաղված, անխելքություն է մեկից օգնություն սպասելը։ Տեսնելով, որ ոչ ոք չի օգնում, աղջիկը հուսահատված ու գրեթե անզգա, շտապում է դեպի կենդանի եղբոր տարօրինակ գերեզմանը։ Յուր քնքուշ մատներով նա աշխատում է բարձրացնել առաջին մեծ քարը։ Քարը չի շարժվում տեղից, շատ ծանր է։ Քնքուշ մատներից հեղում է վարդագույն արյունը, եղունգները փշրտվում են, բայց քարը դարձյալ չի շարժվում։ Անեծք քեզ, անսիրտ քար։