Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բաց էր։ Այդ ըմպելիքների բաժինն էր։ Այդտեղ Ռուստամը մի բանի շամախեցիների հետ ընթրում էր։ Սեղանի գլխում նստած էր ինքը Ռուստամը։ Նրա աջ ու ձախ կողմերում նստած էին երկու առևտրական ընկերներ, որոնցից մեկը մի միրքավոր երիտասարդ էր լեզգու հագուստով, մյուսը` առանց միրուքի միջին տարիքով մի մարդ էր Շամախու հագուստով։ Սրանց մոտ նստած էին երկու ուրիշ հյուրեր, որոնք Շամախուց նոր էին Շուրա եկել։ Դրանցից մեկը առողջակազմ և հաստ երեսով մի երիտասարդ էր մոտ երեսուն տարեկան, մյուսը մի պատանի—կես-ասիական ու կես-եվրոպական հագուստով։

Ռուստամի ընթրիքն այդ երեկո սովորականից մի քիչ ճոխ էր։ Նա հյուրասիրում էր յուր նորեկ համաքաղաքացիխներին։ Թե Ռուստամի և թե հյուրերի գլուխները բավական տաքացած էին գինով։ Ռուստամի ընկերները ոգևորված խոսում էին նորեկների հետ, հարց ու փորձ էին անում նրանց իրանց հայրենիքի ընտանիքի, ազգականների և ուրիշ բաների մասին։ Յուր բնավորության համեմատ, Ռուստամը ամենից սակավ էր խոսում։ Միայն երբեմն նա ևս հատ ու կտոր հարցեր էր տալիս նորեկներին և հատ ու կտոր պատասխաններ ստանալով, կրկին խոսում էր։

— Ասում են, որ կուժ ծախողանց Սեյրանն էլ է այստեղ, ճշմարի՞տ է,— հարցնում էր նորեկ պատանին։

— Ես երեկ լեզգի բազարում տեսա նրան, խանչալ էր առնում,— պատասխանեց Ռուստամի ընկերներից մեկը։

Ռուստամը լսելով «Սեյրան» անունը, աչքունքը թթվեցրեց և մի հարցական հայացք ձգեց նորեկ պատանու վրա։ Վերջինն այս չնկատեց.

— Ուզում եմ նրան տեսնել,— կրկին խոսեց պատանին։

— Ի՞նչ գործ ունես նրա հետ,— հարցրեց միրքավոր և լեզգու հագուստով երիտասարդը, աչքի տակով նայելով Ռուստամի երեսին։

— Նրա մայրը ինձ խնդրել է, որ մի քանի խոսք ասեմ նրան։

— Էգուց կարող ես լեզգի բազարում տեսնել, կարծեմ միշտ այնտեղ է լինում։