— Չեմ իմանում։ Երեկ ես իրանից հարցրի, ոչինչ չասաց, աչքունքը ծռեց և հեռացավ։
— Շատ է հպարտացել, կասես, ոսկու մադան է գտել, բայց ինքը քաղցած զկռտում է, հագին հալավ չունի,— ավելացրեց անմիրուք առևտրականը։
— Ասում են շալ առնելու է եկել,— մեջ մտավ հաստերեսանի նորեկը։
— Ցավերո՞վդ։
— Հայրը փող տված կլինի էլի։
— Հոր մոտ նրա անունը տալ չի լինում, ի՞նչ փող,— մեջ մտավ պատանին։— Ես դուրս գալու օրը հարցրի, ասում եմ. Հայրապետ ապեր, Սեյրանին որ տեսնեմ Դաղստանում, ի՞նչ ասեմ։ Նա երեսիս ծուռ մտիկ արավ ու ասաց․ «կասես, որ այնտեղից էլ դենը կորչի, որ անունը չլսվի»։
— Լավ փչացավ այդ տղեն,— կրկին մեջ մտավ անմիրուքը։
— Փչացավ,— կրկնեց հաստերեսանին։
Ռուստամը գլուխը թեքեց կրծքին և ձեռը ճակատին դրավ: Անմիրուք առևտրականը նայեց նրա վրա և դարձավ խոսողներին։
— Խալխի ցավը մեզ չեն տվել թողե՛ք Սեյրանին, քեֆ արեք, տեսնենք։
— Ռուստամ ջան, այս էլ քո կենացը,— ասաց նա մի բաժակ գինի ձեռին։
— Քո կենացը,— կրկնեցին ամենքը միաբերան և բաժակները դատարկեցին։
Դրսից մեկը երկու անգամ դռներին զարկեց։
— Ով ՞ես— հարցրեց Ռուստամը, մոտենալով դռներին։
— Աստուծո հյուրը։
Դռները բացվեցին, և Սեյրանը երես առ երես հանդիպեց յուր ոխերիմ թշնամուն, Ռուստամին։ Սեյրանը Ռուստամին շատ անգամ Էր տեսել, այնինչ՝ վերջինը Սեյրանին թեև Շամախում տեսել էր, բայց չէր ճանաչում, չգիտեր, որ նա է յուր հակառակորդը։
Առաջին վայրկյանին Սնյրանը շփոթվեց, տեսնելով յուր