Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխվեց։ Ո՞վ էր մեղավոր, ո՞վ էր Սեյրանին փոխողը։ Մի՞թե այն ներքին փտած, զզվելի որդը, այն թունավոր oձը, որ «նամուս» է կոչվում։ Տեր աստված, տեր աստված, մի՞թե կարելի է այդպես ցույց տալ «նամուս»։ Ոչ, ոչ, այդպես շներն էլ չեն անում։ Այդ վրեժխնդրություն չէր, այդ վախկոտության էր, կեղտոտ վախկոտություն։ Սեյրանը լսել էր և ինքը դեռ մի շաբաթ առաջ աչքով տեսել էր, թե լեզգին ինչպես է վրեժխնդիր լինում յուր հակառակորդից։ Լեզգին յուր թշնամուն սպանում է երես առ երես կանգնելով նրա առաջ, և սպանում է յուր վրեժը հանելու համար, ճշմարիտ վրեժը։ Լեզգին տղամարդ է, տղամարդու հետ է կռվում և ինչպես է կռվում յափունջու վրա[1]։ Լեզգին երբեք կնոջից վրեժ չի հանում, թեկուզ այդ կինն իրան մինչև հոգու խորքը վիրավորած լիներ։ Իսկ Սեյրանը, նա ումի՞ց է հանում յուր վրեժը։— Մի թույլ արարածից, Սուսանից։ Ինչո՞ւ, ինչո՞վ է մեղավոր Սուսանը, ի՞նչ է արել Սեյրանին։— Ոչինչ, ոչինչ, տեր աստված, նա մի խեղճ աղջիկ էր,ծնողները տվին իրանց ցանկացած մարդուն, և ինքն էլ գնաց։ Ի՞նչ կարող էր անել։ «Չէ, Սեյրանը վատ բան արավ, շատ վատ բան, այնքան վատ, որ ոչ ոք, ոչ ոք չէր անի։ Ախ աստված, մի՞թե այնքան ատելի էր քո աչքում, այնքան դու նրան մոռացել էիր, որ գոնե մի վայրկյան այդ երեկո նրան չմտաբերեցիր։ Ի՞նչ անե հիմա, ի՞նչպես արածը հետ դարձնի, թքածն ի՞նչպես լիզե։ Կլիզե, կլիզեք եթե միայն այդ կարելի լինի։ Ծանր մեղք է, շատ ծանր, Կայենի սպանությունից էլ ծանր, Հուդայի մատնությունից էլ աններելի և զզվելի։ Ոչնչացրու նրան, տեր աստված, վեր առ այս աշխարհի երեսից, հոգին ուղարկիր դժոխք, բաժանիր սատանաներին։ Հա, բաժանիր և հրամայիր, որ ասեղների ծայրերին ցցած խորովեն գեհենի կրակի մեջ։ Սեյրանը գարշելի արարած է, արժանի է այդ պատժին։ Բայց ոչ,

  1. Դաղստանում կատաղի թշնամիներն երբեմն յափնջին սփռում են գետնին և նրա վրա մենամարտում են սրերով։ Հակառակորդն եթե ոտն յափունջուց դուրս դրավ, համարվում է հաղթված, երկչոտ, անազնիվ։ Այդ սովորությունը այժմ հետզհետե թուլանում է։