Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա երևեցավ մի ձիավոր լեզգու շուլլահին գլխին սեղմած և սև յափունջու մեջ փաթաթված։

Ռուստամի ձին հոգնած էր և հազիվ կարողանում էր փոխել յուր ոտները։ Յոթներորդ օրն էր, որ նա Շուրայից դուրս էր եկել։ Յոթն օր շարունակ, առանց որևէ տեղ հանգստանալու, նա ճանապարհ էր գալիս։

— Լավ կորավ, լավ փչացավ քսանևյոթ տարում աշխատած անունս,— կրկնում էր նա անդադար, մտրակելով ձիուն և անցնելով Դաղստանի սարերն ու դաշտերը։

Եվ այդ մտքով հափշտակված, ինքն յուր մեջ խորասուզված, Ռուստամը ուշադրություն չէր դարձնում ոչ քամուն, ոչ ձյունին ու բուքին և ոչ էլ որևէ վտանգին։

Վերջապես, ահա նա հասել է Շամախի, կես ժամ ևս, և ահա նա կանգնած կլինի Սուսանի դեմ ու դեմ։ Սակայն, զարմանալի բան։ Յոթն օր նա անհամբերությամբ շտապում է Շամախի հասնելու, յոթն օր է, որ նրա միտքը կաշկանդված է միայն և միայն շուտ տեղ հասնելու ցանկությամբ։ Իսկ այժմ, երբ նա գրեթե Շամախումն է, այժմ, կարծես, այլևս չի շտապում։ Մի միտք, որ մի րոպե, գեթ մի վայրկյան նրա գլխով չի անցել այն ժամից սկսած, երբ նա կատաղած դուրս թռավ խանութից,— այժմ հանկարծ ծնվեց նրա ուղեղում, այժմ, երբ ընդամենը միայն կես ժամ է մնում, որ պիտի ամեն ինչ պարզվի։

— Ի՞նչ պիտի անեմ, եթե Սեյրանի ասածը հաստատվի,— ասաց նա հանկարծ ինքն իրան և, ձիու սանձը քաշելով, կանգնեց ճանապարհի մեջտեղում։

Նա բարձրացրեց գլուխը, նայեց դեպի քաղաքը։

Բահ, հրես, եկեղեցին էլ երևում է, նա հասել է։ Ինչո՞ւ է եկել, հը՞մ։ Բահ, ի՞նչպես թե ինչու է եկել, մի՞թե այդ հայտնի չէ։ Եկել է․․. հա, եկել է իմանալու այն ինչ որ ուզում էր իմանալ։ Բայց եթե իմացավ, եթե ստուգեց նրա ասածը, հետո՞։ Հըմ, նահլաթ, նահլաթ քեզ չար սատանա․․․

Նա մի քանի անգամ շարունակ կրկնեց «նահլաթ քեզ չար սատանա», նայելով մերթ եկեղեցու գմբեթին, մերթ յուր ձիու բաշին։ Վերջին անգամ «նահլաթ քեզ չար սատանա» արտասանելուց հետո, նա ձեռի ափով շոյեց ձիու բաշը,