Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հանգստացիր, հանգստացիր, զավակս, Սանամը քար կտրվի. նա տաք տեղ նստի, դու ձյուն ու ձմեռ չոլեր ընկնես։ Քար կտրվի Սանամը, քար։ Հանգստացիր, տեղերդ պատրաստեմ, հա՛։

— Պատրաստիր։

— Առաջ շորերդ փոխիր, քրտնած ես, կմրսես։ Չայ խմիր, հաց կեր ու հետո։ Ախչի, Սուսան, ո՞ւր կորար, չա՛յ բեր, փլավ եփիր։

Սուսանը երկու բաժակ չայ բերեց։ Ռուստամը իրարու հետևից դատարկեց և կրկին հրամայեց, որ անկողին պատրաստեն։

— Դու հեռացիր մյուս սենյակը,— ասաց նա Սանամին։

— Ի՞նչ, ի՞նչ ասացիր, հեռանա՞մ,— հարցրեց Սանամը զարմացած, որպես թե նրան մի անկարելի բան էին առաջարկում ։

— Գնա, թող քիչ հանգստանամ, էգուց կխոսենք։

— Չէ, գլուխդ ցավո՞ւմ է, ցո՞ւրտ է կպել, բեր տեսնեմ, դու ինձանի՛ց թաքցնո՞ւմ ես։

Սանամը մոտեցավ Ռուստամին և ձեռը դրավ նրա ճակատին։

— Ձեռ քաշիր, ասում եմ,— բացականչեց Ռուստամը, հրելով մոր կրծքին։

— Տաքացած ես, բեր, խալդար կապենք վզիդ,— շարունակեց Սանամը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոսում։— Տեսա՞ր, տեսա՞ր, Սուսան, էս առավոտ ասացի, որ երազ եմ տեսել, ասացի՞, որ կամ երեխաս գալու է, կամ գիր ենք ստանալու։ Ռուստամ, քեզ էս գիշեր երազումս մի ճերմակ ձիու վրա նստած տեսա, ճերմակ ձին դովլաթ է։ Հա՛, դու չափացնում էիր, ես էլ հետևիցդ...

— Լավ է, լավ, էգուց, էգուց կպատմես, ձեռ քաշիր,— ընդհատեց Ռուստամը մոր շատախոսությունը։

— Ինչ անեմ, ուրախությունից ինքս էլ չեմ իմանում ինչեր եմ դուրս տալիս։ Մուրաբա կուզե՞ս։

— Չէ՛, եթե ինձ սիրում ես այս գիշեր մի խոսեցնի։

— Հա, հոգնած ես, բալաս, հա, թող տեղերդ պատրասեմ,—