Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց Սանամը և մոտեցավ անկողնին, որ Ռուստամի համար անկողին պատրաստի։

Ամբողջ այդ խոսակցության ժամանակ Սուսանը ինքնաեռի քով կանգնած է ձեռները ծոցում ծալած, մտիկ էր անում մերթ Ռուստամին, մերթ Սանամին։ Երբ Ռուստամը նայում էր, Սուսանը իսկույն աչքերը ցած էր գցում։

Սանամը պատրաստեց անկողինը և երկու բաժակ թեյ խմեց, անդադար նայելով յուր որդու երեսին և չհամարձակվելով որևէ հարց առաջարկել նրան։ Սուսանը թեյ չէր խմում. շարունակ նայում էր ամուսնուն, կարծես, ձգտելով նրա դեմքի վրա կարդալ այն, ինչ մտածում էր Ռուստամը։

Սանամը մի անգամ ևս փորձեց որդուն մոտենալ և խոսեցնել, բայց այս անգամ Ռուստամը նրան վճռողաբար հրամայեց, որ իրան հանգիստ թողնի ու հեռանա մյուս սենյակ։

Դառն էր Սանամի համար այդպես շուտով բաժանվել յուր որդուց, բայց տեսնելով, որ հնար չկա հակառակվելու, վախենալով, որ մի գուցե ավելի բարկացնի Ռուստամին, հնազանդվեց և տհաճությամբ հեռացավ յուր սենյակը։ Սանամի և Ռուստամի սենյակները իրարուց բաժանվում էին մի բավական ընդարձակ նախագավթով։

XVI

Առանձնանալով Սուսանի հետ, Ռուստամը դուռը կողպեց և հրամայեց Սուսանին ինքնաեռը մի կողմ դնել։ Սուսանը կատարեց նրա հրամանը և, քաշվելով սենյակի մի անկյունը, ձեռները խաչաձև ծալեց կրծքին և դարձյալ սկսեց նայել յուր ամուսնուն։ Մի ժամի չափ Ռուստամը լուռ ու մունջ շրջեց սենյակում։ Սուսանը կամենում էր խոսել, հարցնել Ռուստամին նրա տխրության պատճառը, բայց ամեն անգամ, երբ հայացքը ձգում էր նրա երեսին, լեզուն կապվում էր։ Վերջապես, Ռուստամը դադարեց հետ ու առաջ շրջելուց և հանկարծ շորերով և դաշույնը մեջքին պառկեց անկողնի վրա։

— Մոտեցի՛ր ինձ,— հրամայեց նա Սուսանին։