Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես հարցնում եմ, ո՞ւր է երկրորդ անկողինդ,— կրկնեց Ռուստամը։

— Չեմ հասկանում։

— Չե՞ս հասկանում ինչ եմ ասում... այն մյուսը, որ, որ...

Ռուստամը չկարողացավ ավարտել յուր խոսքը։ Բարկությունից նրա շունչը սպառվում էր։ Նա նորից սկսեց շրջել հետ ու առաջ։ Նա մտածում էր. «սատանա, ինչպես կարողանում է անմեղ ձևանալ իմ առաջ, իբրև թե ոչինչ չի հասկանում»։

Մի քանի րոպե Ռուստամը շրջեց, հետո մոտեցավ անկողնին և պառկեց, առանց հանվելու, այնպես ինչպես ներս էր մտել։ «Անեծք քեզ չար սատանա, անեծք — կրկնում էր նա մտքում — եթե խալը տեսնեմ... հետո՞, տեր աստված, հետո՞։ Կարելի է նա տեսել է երեխայության ժամանակ, կարելի է նա երկրաշարժի օրն է տեսել, երբ նրանք միասին հողի տակ են մնացել։ Կարելի է ինքը չի տեսել, այլ լսել է յուր մորից, որ նկատած կլինի բաղնիքում կամ մի ուրիշ տեղ, մերկ ժամանակ։ Չէ, չէ, հապա հարսանիքի գիշերվա անցքը, հապա այն երկու ջահիլների խոսակցությո՞ւնը։ Օրիորդ ժամանակ, հըմ... Այս մեկը սուտ է, ես իմացա։ Ինչ որ պատահել է, պսակվելուց հետո է եղեր Ես ի՞նչ գիտեմ, յոթը սարի հետևում, թե նա այստեղ ինչեր է արել։ Իսկ մայրս, մայրս հիմար պառավ է, տանը չի նստեր Ուֆ...

Եվ Ռուստամը արձակեց կրծքից մի դառն հառաչանք։ Քառորդ ժամ նա այդ դրության մեջ մնաց, անդադար հառաչելով։

Սուսանը նրա երեսը չէր տեսնում, միայն պատի տակ կանգնած, ձեռները ծոցում ծալած, լուռ ու մունջ, անորոշ հայացքով նայում էր սենյակի պատերին, առաստաղին, հատակին։

Հանկարծ Ռուստամը բարձրացավ տեղից։

— Նստի՛ր,— հրամայեց նա Սսաանին։

Սուսանը անշարժ էր։

— Նստի՛ր, քեզ ասում եմ։

Սուսանը նստեց։