Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քո ի՞նչն եմ:

— Իմ մարդը։

— Սուտ ես ասում, անիծված կնիկ, քո մարդը Սեյրանն է, Սեյրանը, Սեյրանը։ Խոստովանիր, ասում եմ, թե չէ...

Այս ասելով նա բաց թողավ Սուսանի թևը, դաշույնը մերկացրեց մի երկու քայլ հեռացավ և կանգնելով նրա դեմ ու դեմ, ասաց․— տեսնո՞ւմ ես։

Կանթեղի լուսավորության տակ դաշույնը փայլեց ինչպես կայծակ։

Սուսանի մարմնով մի սարսուռ անցավ, բայց հանկարծ նա, կարծես, մի բան մտաբերելով, ուշքի եկավ և ասաց.

— Հիմա հասկացա։ Ռուստամ, քեզ չար լեզուները խաբել են։ Սեյրանին ես ճանաչում եմ, նա իմ առաջվա փեսացուն էր, ծնողներս քեզանից առաջ նրա հետ էին ուզում պսակել։

— Դու նրան սիրել ես, անիծված, խոստովանվիր, ողջ քաղաքն է ասում։

— Սիրել եմ և այժմ էլ սիրում եմ։ Սայց Ռուստամ, ես անմեղ եմ, անմեղ եմ անկողնիդ առաջ, ինչպես այս ճրագի լույսը։

— Սիրում ես, բայց անմեղ ես, լռիր, լիրբ, դու նրա հետ գործ ես ունեցել, խոստովանվիր, թե չէ — ես կհաստատեմ։

— Թող իմ հոգին դժոխքի կերակուր դառնա, եթե ես սուտ եմ ասում։ Ես Սեյրանին սիրում եմ, բայց նրա հետ գործ չեմ ունեցել,— պատասխանեց Սուսանն ավելի և ավելի անհողդողդ ձայնով։

— Ինքը Սեյրանն է ասում։

— Անկարելի է։

— Սուտ չեմ ասում, անիծված, ինքը Սեյրանն է ասում։

— Սեյրա՜նը, ախ տեր աստված, նա սուտ է ասել։

— Սուտ չի, ասում։ Բա՛ց արա կուրծքդ։

Սուսանը չհասկացավ Ռուստամի միտքը։

— Հետ քաշիր շապիկդ, բաց արա կուրծքդ, ասում եմ, թե չէ՝ արյունս գլխովս է տալիս։

Սուսանը անզգայաբար, դողդոջուն ձեռներով հեռացրեց