Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ականջներին։ Այս մանուկների հետ խաղում էր և նրա միակ աղջիկը, մոտ տասը տարեկան Սուսանը։ Գյուլնազը ծնողական զգացմունքների ամբողջ թափով սիրում է յուր Սուսանին և սիրում է այնչափ, որ չի վստահանում րոպե անգամ աչքից հեռացնել։ Այս պատճառով, պատուհանի մոտ նստած, հսկում է Սուսանին մայրական զգաստ աչքերով։ Ահ, չլինի թե մեկը ընկերներից որևէ վնաս հասցնի նրա զավակին։

Դուրեկան էր, գեղեցիկ էր փոքրիկ Սուսանը։ Նա գեղեցիկ էր, որովհետև ներկայացնում էր յուր մոր, Գյուլնազի կատարելատիպը։ Փոքրիկ աղջիկը ժառանգաբար ստացել էր բնությունից յուր մոր բոլոր ֆիզիկական հատկությունները, ամենաաննշան մանրամասնություններով անգամ։ Բարխուդարը, ամեն անգամ աղջկա երեսին նայելիս, սովորություն ուներ ասելու. «Փառք քո զորութենին, տեր ամենակարող աստված, էդքան էլ նմանություն, կասես, մեր ու աղջիկ մի խնձոր լինեն, երկու տեղ բաժանած»։ Պակաս չէր զարմանում… և ինքը, Գյուլնազը այդ նմանության վրա։ Նա մտաբերում էր յուր մանկությունն ամեն րոպե, երբ նայում էր Սուսանի երեսին։ Նրան թվում էր, թե այդ փոքրիկ դեմքի վրա, ինչպես հայելու մեջ, տեսնում է յուր դեմքը։ Նույն փայլուն, սևորակ աչքերը երկայն թերթերունքներով, նույն շնորհալի սրածայր քիթըէ նուրբ, վարդագույն շրթունքները, գեղեցիկ այտերը, իհարկե, մանկության հատուկ թարմությամբ։

Սուսանի հետ խաղացող երեխաների թվում կար մոտ տասնումեկ տարեկան մի տղա։ Սա ամենամոտիկ հարևան կուժ ծախող Հայրապետի որդի Սեյրանն էր։ Հայրապետը յուր ընտանիքով ապրում էր այն տան մեջ, որ գտնվում էր դերձակ Բարխուդարի տանը կից։

Սուսանի և Սեյրանի մեջ նկատվում էր մի տեսակ մտերմություն, մի մտերմություն, որ, երևի, առաջացել էր երկու մանուկների հաճախ տեսնվելուց։ Այս մտերմոթյունը երևան էր գալիս նամանավանդ այն ժամանակ, երբ Սեյրանը կամ Սուսանը կռվում էին իրանց ընկերակիցների հետ։ Այսպիսի դեպքերում մեկը պաշտպանում էր մյուսին, օրինակ, երբ Սեյրանը կռվում էր մեկի հետ, Սուսանը իսկույն հարձակվում