Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նրա հակառակորդի վրա, յուր փոքրիկ ձեռքերով բռնում էր նրա արխալուղի փեշերը քամակից և բոլոր ուժով քաշում։ Այսպիսով նա նպաստում էր Սեյրանի հաղթության։ Իսկ երբ Սեյրանի հակառակորդների թիվը մեկից ավելի էր լինում, այդ ժամանակ Սուսանը անմիջապես վազում էր Սեյրանի մորը հայտնելու։

— Մարիամ բաջի, Մարիամ բաջի, Սեյրանին երեխերքը սպանեցին,— ասում էր նա, արտասուքն աչքերում և հուզմունքից ամբողջ մարմնով դողդողալով։

Մարիամ բաջին իսկույն դուրս էր թռչում և կռվող մանուկներին իրարուց բաժանում։ Սույն պաշտպանությունը փոխադարձաբար ցույց էր տալիս Սեյրանը յուր կողմից Սուսանին, երբ վերջինին պատահում էր մեկի հետ կռվել։ Իսկ այս փոխադարձ պաշտպանությունը նրանց մյուս ընկերակիցների մեջ զարթեցնում էր նախանձ, որ շատ անգամ արտահայտվում էր բացարձակ թշնամությամբ։ Սուսանին և Սեյրանին ծաղրում էին, նրանց վրա ծիծաղում էին և պատահում էր մինչև անգամ, որ, ամենքը միանալով, հարձակվում էին նրանց վրա ու ծեծում։

Գյուլնազին վաղուց էր հայտնի այս ամենը։ Այս էր պատճառը, որ նա շուտ-շուտ նայում էր փողոց։ Մի առանձին ախորժելի և միևնույն ժամանակ դառն ժպիտ էր սահում Գյուլնազի երեսով ամեն անգամ, երբ նա հայացքը ձգում էր Սուսանի վրա։ Նա տեսնում էր, թե ինչպես փոքրիկի դեմքը բերկրությամբ փայլում է, երբ Սեյրանը մոտենալով նրան և ձեռք-ձեոքի տալով քաշում է խաղի ասպարեզը, որտեղից Սուսանը սովորություն ուներ շուտ-շուտ հեռանալ և քաշվել պատի տակ։ Նա տեսնում էր, թե ինչպես Սեյրանը հոնքերը կիտում էր ու դեմքը թթվացնում, երբ որևէ բանով անբավական էր լինում Սուսանը։

Այդ րոպեներին Գյուլնազի գլխով տեսակ֊տեսակ մտքեր էին անցնում, և նրա մայրական քնքուշ սիրտը սկսում էր բաբախել յուր զավակի ապագա վիճակի մասին։ Նա կրկին մտաբերում էր յուր անցյալը և սեփական մանկությունը և այդ մանկության հետ կապված շատ հիշատակներ։ Նա կրծքի խորքից արձակում էր խորը հառաչանքներ։