իրականությունը չպիտի հայտնվեր։ Նա հույս ուներ աստծու գթության վրա և չէր ուզում հավատալ, որ իր զավակը բռնած է անբուժելի ախտով։
Դեռ մի տարի չէր անցել չարաբախտ օրից, Սոնան արդեն երկու անգամ ուշաթափվել էր։ Վերջին անգամ ընկավ ուղղակի հոր գիրկը։ Այդ միջոցին Ոսկանը ծալապատիկ նստած էր հատակի վրա։ Նա նոր էր վերադարձել մի հարուստ մեռելահացից։ Համբարձում աղային էին թաղում, մի՞թե կարելի էր քաղաքի առաջին մարդու հոգու համար «արքայություն» չմաղթել, նրա ազգականներին «աստծով մխիթարվեք» չասել։
Նա կարծեց, թե Սոնան անզգուշաբար սայթաքեց և ընկավ։ Ձեռի մի շարժումով բարկացած շպրտեց նրան մի կողմ։ Հիվանդը ընկավ սենյակի մեջտեղն ու սկսեց խրխռալ։ Այն ժամանակ միայն հարբած պայտառը զգաց նրա ցավը։ Նա վերկացավ, դրեց աղջկան իր ծնկների վրա, նայեց նրա ամուր փակված աչքերին, որ ծռվել էին դեպի վեր և մտել ունքերի տակ։ Նորից հիվանդին բաց թողեց դեպի հատակը և ինքը, երեսի խաչակնքելով, ետ ու ետ քաշվեց։ Օրը գարնանային էր։ Բնությունը նոր նոր սկսել էր ծաղկել։ Սենյակի օճորքի տակ բուն դրած ծիծեռնակները ախր էին գործում սիրուն Սոնայի գլխի վրա, ծլվլալով իրանց ձագուկների համար կերակուր որսալով: Արևի պայծառ ու դուրեկան լույսը տարածվել էր դեպի խրճիթի ներսը։ Նրա մի շողը խաղում էր հատակի վրա թավալված Սոնայի բաց ճակատին, որի շուրջը գանգուր ոսկեգույն մազերը կազմել էին մի սքանչելի պսակ։ Դրսից լսվում էին վազվզող աղջիկների և մանուկների ուրախ ձայները։ Պատի տակ նստած էր հարբած պայտառը և, նայելով իր աղջկան, քթի տակ ինչ-որ մրթմրթում էր։ Երբ հացթուխը ներս մտավ, Սոնան արդեն սթափվել էր։ Սենյակը աղմկվեց Շուշանի կսկծալի աղաղակով։ Նա վազեց և հարձակվեց աղջկա վրա, կամեցավ գրկել և համբույրներով հեկեկալ։ Բայց Սոնան այնքան թույլ էր, որ մոր գրկում չկարողացավ շունչ քաշել։ Գլուխը դրեց հատակին, կամացուկ արտասանելով։